Ադրբեջանը չէ, որ պետք է որոշի, թե Մինսկի խմբում ինչ երկրներ պետք է գործեն կամ փոխարինվեն այլ երկրներով. ռուս քաղաքագետ


10:00 , 10 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում ՌԴ փորձագետ, կովկասագետ Ալեքսանդր Սկակովը  նշեց, որ ՌԴ-ի համար բիզնեսի տեսանկյունից այնքան էլ շահավետ չէ Ադրբեջանին զենք վաճառելը, քանի որ, ըստ որոշ հաղորդագրությունների, վերջին շրջանում այն պարտքով է: Նաև ռուսաստանցի քաղաքագետն անդրադարձավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ «Կոմերսանտին» տված հարցազրույցին, Մինսկի խմբում փոփոխությունների հնարավորությանը, ինչի մասին խոսել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
 
-Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը ANS  հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Ադրբեջանը հաստատակամ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ինստիտուտի գործունեության փոփոխության  հարցում:  Սա, ըստ Ձեզ, հնարավո՞ր է, ի՞նչ արձագանք կտա դրան միջազգային հանրությունը, եթե հաշվի առնենք, որ Ազիմովը խոսել է նաև այն մասին, որ Մինսկի խմբի գործընթացներում արդեն զգացնել են տալիս ԱՄՆ-ՌԴ սրվող հարաբերությունները և նշել, որ Գերմանիայի, Թուրքիայի, Շվեդիայի առկայությունը խմբում է՛լ ավելի արդյունավետ կլինի: Ձեր մեկնաբանությունը:

-Նախ՝ ասեմ, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի տարաձայնությունները, իհարկե, կան, բայց այնքան լուրջ չեն, որ արտահայտվեն ՄԽ գործունեության շրջանակներում: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ձևաչափն այլ երկրներով լրացնելուն, ապա սա Ադրբեջանը չէ, որ պետք է որոշի, որովհետև Մինսկի խումբը Բաքվի կողմից չի ձևավորվել, այն միազգային կազմակերպություն է: Եվ  եթե անգամ համանախագահող երկրներից, օրինակ, Ռուսաստանի գոյությունը ՄԽ-ում կարող է ինչ-որ մեկին  դուր չգալ Բաքվում կամ Երևանում, միևնույնն է, դա որևէ երկրով փոխելու համար հիմք չի կարող լինել: Կարծում եմ, որ հիմա  տվյալ խմբի որևէ վերակազմավորում արդյունավետ չի կարող լինել, թեպետ ես, ինչպես նաև բազում այլ փորձագետներ գտնում ենք, որ այն չի կատարում իր հիմնական գործառույթները, որ իր ուժերի ներածին չափով չի  աշխատում, բայց դա պայմանավորված է ոչ թե  միտումնավոր ու դավադիր ինչ-որ մղումներով, այլ նրանով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն արդեն համաշխարհային առաջատար խաղացողների` գերտերությունների համար առաջնահերթություն չէ: Եվ  միանգամայն կարևոր չէ այնտեղ Գերմանիան, Ֆրանսիան կամ Շվեդիան կլինեն, քանի որ դրանից ոչինչ չի փոխվի: Բայց չմոռանանք, որ Թուրքիան  հանդիսանում է  այս տարածաշրջանում  չափազանց շատ մեծ հետաքրքրություններ ունեցող խաղացող, շատ ավելի մեծ հետաքրքրություններ ունեցող, քան Ռուսաստանը, այնպես որ, կարծում եմ` այդ մասին խոսք լինել չի կարող:

-Բայց եթե կողմերից մեկը պարբերաբար հարցականի տակ է դնում  ՄԽ-ի անհրաժեշտությունը, գոնե այս կազմով, ապա, ի՞նչ եք կարծում, չի՞ գա մի պահ, երբ Ադրբեջանն ուղղակի կհրաժարվի փոխգործակցել ՄԽ-ի հետ:

- Գուցե, բայց դա իր շահերից չի բխում, որովհետև, այսպես թե այնպես, սա միակ հարթակն է, որտեղ կողմերը կարող են ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվածության գալ, այդ թվում նաև` երկու երկրների նախագահների հանդիպումների: Այնպես որ, հիմա այդ խողովակից հրաժարվելը խելամիտ չէր լինի, մանավանդ որ, այդ խողովակն իրենց մտահոգությունները, առաջարկները, դիտարկումները  միջազգային հանրությանը հասցնելու  վատ ձև չէ: Ու այդ դեպքում Ադրբեջանը շատ ավելին կկորցնի, քան հիմա, եթե նման քայլի գնա, ինչպես նաև Հայաստանը: Այնպես որ, ամփոփելով նշեմ, որ հակամարտության բոլոր կողմերի շահերից  է բխում Մինսկի խմբի ներկայիս ձևաչափի պահպանումը: Թեպետ, ըստ իս, լավ կլիներ` ուղիներ գտնվեին խմբի աշխատանքին նոր ազդակներ հաղորդելու համար:

-Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան և դրանից անմիջապես հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց այն մասին, որ Երևանին չի կարող դուր գալ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ հենց այսօր ՀՀ արտգործնախարարը հերթական անգամ խոսեց այդ մասին:

-Զենքի  վաճառքի հարցը բավականին հաճախ է բարձրացվում և հենց ՌԴ և ՀՀ առաջնորդների հանդիպումների նախօրեներին: Իհարկե, այդ հարցը անհանգստություն է պատճառում Հայաստանում, ինչպես նաև ակնհայտ է, որ Ռուսաստանը, Ադրբեջանին սպառազինություններ վաճառելով, ամեն ինչ կանի, որ այն որևէ ազդեցության չունենա հակամարտության վրա: Հասկանալի է, որ սրանք կամ այն սպառազինություններն են, որոնք հակամարտության վրա  լրջորեն ազդելու պոտենցիալ չունեն, կամ Ադրբեջանի այն բանավոր հայտարարություններն են, որ դրանք չեն գործադրվի նշված գոտում: Ես չեմ  կարծում եմ, որ այդ սպառազինության վաճառքը շատ արդյունավետ է, բայց, հասկանալի է, որ սա բիզնես է, որում կարող են լինել ինչ-ինչ հետաքրքրություններ: Թեպետ վերջին շրջանում չեմ կարծում, որ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը շատ հետաքրքիր է, եթե հաշվի առնենք այն, որ Ադրբեջանը հիմա գտնվում է սոցիալ-տնտեսական ոչ այնքան բարվոք վիճակում և արդեն իսկ ՌԴ-ից գնված սպառազինությունների համար  որոշակի պարտքեր ունի կուտակած, քանի որ այդ մասին որոշ հայտարարություններ եղան:

Այնպես որ, չեմ կարծում, որ Ռուսաստանը կշարունակի պարտքով Ադրբեջանին զենք վաճառել:a