09:00 , 10 մարտ, 2016
Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 34 CC 745 համարանիշի «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քյարքիի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 350 մետր գահավիժելով, հայտնվել է ձորում:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն, որտեղից էլ 1 հոգի տեղափոխվել է Երևան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արարատի հրշեջ փրկարարական ջոկատը`: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ: Ժամանել են նաև մեծ թվով ՀՀ ռազմական ոստիկանության և ՊՆ աշխատակիցներ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածներն ու վիրավորները պայմանագրային զինծառայողներ են: