19:09 , 9 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Անշուշտ, թուրքական շուկա գնալն այնքան էլ հաճելի զբաղմունք չէ Արևմուտքի բնակիչների համար, սակայն իրավիճակն առավել տհաճ է դառնում, երբ ապրանքի «գինը» որոշելուց հետո դառնում ես փողի անամոթաբար շորթման զոհ։ Երևի թե սա այն է, ինչ այս պահին զգում է Եվրոպական միությունը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ փախստականների ճգնաժամը լուծելուն ուղղված բանակցություններից հետո:
Այս մասին գրել է բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականի հոդվածագիր Քոն Քաֆլինը, ով փորձել է վերլուծել ԵՄ-Թուրքիա բարդ փոխհարաբերությունների ներկայիս փուլը:
Հեղինակի խոսքով՝ ոչ վաղ անցյալում այդ փոխհարաբերություններում գլխավոր, որոշիչ խաղաքարտերը Բրյուսելի ձեռքում էին:
«ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Անկարայի անթիվ-անհամար փորձերը դեմ էին առնում Բրյուսելի խիստ պահանջներին, որոնք վերաբերում էին ամենատարբեր բնագավառներին` Կիպրոսի խնդրից մինչև մարդու իրավունքների պաշտպանություն:
Հիմա, «շնորհիվ» միգրացիոն ճգնաժամի, պատկերը կտրուկ փոխվել է, ու արդեն Անկարան, այլ ոչ թե Բրյուսելն է իր ձեռքում պահում որոշիչ խաղաքարտերը։ Եվ ինչպես երևում է` թուրքերը հաստատակամ են իրենց ունեցած առավելությունները մինչև վերջ օգտագործելու, դրանից առավելագույն շահ ստանալու հարցում:
Թուրքիայի նոր ձեռքբերած ինքնավստահության առաջին նշույլները երևացին այս երկուշաբթի` Բրյուսելում, որտեղ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ճաշի հրավիրեց Թուրքիայի դեսպանատուն` քննարկելու միգրացիոն ճգնաժամը: Սակայն այդ հանդիպման ընթացքում Դավութօղլուն ավելի շատ բռնել էր գլխագին ուզողի, այլ ոչ թե գործարք կնքողի կեցվածք»,-շարունակում է հեղինակը:
Նա հիշեցնում է, որ փախստականներին իր երկրի տարածքում պահելու ու նրանց հոսքը դեպի Եվրոպա կանխելու համար Թուրքիան ԵՄ-ից 3-ի փոխարեն 6 մլրդ եվրո է պահանջում: Բացի այդ, Անկարան պահանջում է արագացնել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու գործընթացը:
«Միգրացիոն ճգնաժամի հաղթահարման անհույս փորձեր անող Եվրոպան ընտրության լայն հնարավորություն չունի ու ստիպված է համաձայնել Անկարայի առաջարկած պայմաններին: Բայց եթե թուրքերին թվում է, թե շանտաժի միջոցով իրենց կհաջողվի բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ, ապա սխալվում են։ Վարկածը, ըստ որի Թուրքիան մի օր կարող է դառնալ ԵՄ-ի լիիրավ անդամ, նման է անհաջող կատակի»,- գրում է հոդվածագիրը` հիշեցնելով վերջին օրերին թուրքական «Զաման» ընդդիմադիր թերթի շուրջ ծավալվող բռնությունների մասին, որոնք հակասում են խոսքի ազատության եվրոպական հիմնարար արժեքներին:
Իր հոդվածում Քաֆլինն անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` գրելով հետևյալը. «Էրդողանն անընդհատ ասում է, որ Թուրքիայում արդեն 3 մլն սիրիացի փախստական կա և որ երկիրն այլևս չի կարող դիմանալ ներհոսքին: Բայց նա մոռանում է նշել այն հանգամանքը, որ սիրիացի փախստականների ահռելի հոսքը չէր լինի, եթե Թուրքիայի իշխանություններն ամեն կերպ չաջակցեին ջիհադականներին ու իրենց սահմանների միջոցով չապահովեին նրանց ազատ ելումուտը դեպի Սիրիա ու Իրաք»:
Հոդվածագիրը նկատում է, որ տվյալ հարցի շուրջ Թուրքիայի`ավելի ազնիվ դիրքորոշում ունենալու դեպքում Եվրոպան ներկայում կանգնած չէր լինի ահաբեկչական ահագնացող սպառնալիքի առաջ:
«Եվ թեպետ հիմա հուսալքության մեջ հայտնված Եվրոպան փորձում է օգնություն ստանալ Թուրքիայից, այնուհանդերձ` պետք է հիշել, որ քանի դեռ Թուրքիայում գործում են ներկայիս իշխանությունները, պարզապես հիմարություն կլինի այդ երկրին որպես վստահելի դաշնակցի վերաբերվելը»,- եզրափակում է հեղինակը: