18:42 , 9 մարտ, 2016
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը թուրքական դատարանից երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի դեմ որևէ դատական վճիռ չի ակնկալում: Tert.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մեկնաբանեց, թե ինչու:
«Թուրքական դատարանները Դավութօղլուի հայտարարությունները հաստատ այլ կերպ կներկայացնեն ու կմեկնաբանեն` նկատի ունենալով արդարադատության իրենց պրակտիկան: Եվ հետո, չմոռանանք, որ Դավութօղլուի հայտարարածը թուրքական պաշտոնական թեզն է, որը տեղ է գտել տարբեր հարթակներում ու խողովակներում հնչեցրած պաշտոնական ասուլիսներում, թուրքական դասագրքերում։ Եվ դա նորություն չէ, որ, ըստ այդ պաշտոնական թեզի, հայերը 1915-ին համագործակցել են ռուսների հետ, ուստի հայերի տեղահանման որոշում է ընդունվել»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության Ստամբուլի մասնաճյուղը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ու Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանի դեմ`ժողովրդի մի հատվածին այլ կրոնի ու ազգության պատկանող ժողովրդի մյուս մասի հանդեպ ատելություն ու թշնամանք հրահրելու հայցով: Մասնավորապես, հայցի հիմք է հանդիսացել Դավութօղլուի այն հայտարարությունը, թե«ներկայումս քրդերը համագործակցում են ռուսների հետ այնպես, ինչպես անցյալ դարասկզբին հայկական ավազակախմբերը համագործակցում էին ռուսների հետ»։
Թուրքագետը մանրամասնեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության Ստամբուլի մասնաճյուղը Թուրքիայում գործող հասարակական կազմակերպություն է, որի անդամների թվում քիչ չեն թուրքերը և որը պարբերաբար հանդես է գալիս նման դատական հայցերով` նման խտրական կամ այլատյաց հայտարարությունների առիթով: