14:36 , 9 մարտ, 2016
Սիրիայի Համա նահանգի տարածքի մոտավորապես 80 տոկոսի ներկայացուցիչները միացել են հրադադարի շուրջ ընթացող բանակցություններին: Այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ Համա քաղաքի մշակույթի պալատում տեղի ունեցած երկար բանակցություններից հետո հրադադարի պայմանների քննարկման համար հավաքվել են նահանգի շուրջ 80 բնակավայրերի ներկայացուցիչներ: «Յուրաքանչյուր շրջանի և բնակավայրի համար այստեղ անհատական մոտեցումներ են պահանջվում, ուստի այսօր այստեղ հավաքվել են մոտավորապես 80 բնակավայրերի ներկայացուցիչներ՝ անձամբ քննարկելու հրադադարի պայմանները»,-ասել է կենտրոնի ներկայացուցիչը:
Բացի այդ, հանդիպմանը ներկա են եղել պաշտոնական իշխանությունների և զինված ուժերի, ժողովրդական աշխարհազորի, հոգևորականության և ընդդիմության ներկայացուցիչները: Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ Համայի նահանգի տարածքը գերազանցում է 10 հազար քառակուսի կիլոմետրը, ինչը նրան դարձնում է չափերով Սիրիայի յոթերորդ նահանգը: Այս երկրի ընդհանուր տարածքը շուրջ 185 հազար քառակուսի կիլոմետր է։