Արդյունաբերություն, էներգետիկա, գիտական որոշակի ճյուղեր. քննարկվեցին հայ-իրանական հնարավոր համագործակցության ոլորտները


13:30 , 9 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները տարածաշրջանային տնտեսական զարգացումների համատեքստում» թեմայով հրավիրված ֆորումին իրանագետ Գոհար Իսկանդարյանը ևս մեկ անգամ փաստեց՝ Հայաստանի համար բացվել է հնարավորությունների դաշտ, այլ հարց է ինչպես այն կօգտագործենք: Ըստ իրանագետի՝  միշտ էլ դրսի ապրանքները դժվարությամբ են մտել իրանական շուկա, և քանի որ բացվում է Իրանը աշխարհի առաջ, ինքն էլ իր հերթին ևս պետք է բացվի աշխարհի առջև:

«Հայկական ապրանքները դժվար են մտել Իրանի շուկա, եթե Իրան է արտահանվել 100 անուն ապրանք, Իրանից ՀՀ է բերվել 600 ապրանք: Գոհացուցիչ չէ առևտրաշրջանառության ծավալները Իրանի հետ, և այս պահին նկատում եմ, որ երկուստեք իրականացվում է շուկաների ուսումնասիրություն և դիտարկվում են այն գլխավոր ապրանքները, որոնք շահեկան կլինեն երկու կողմերի համար»,-ասաց նա և հավելեց, թե ակտիվ քննարկումներ եղան ազատ առևտրի գոտու ստեղծման մասին, որը թույլ է տալիս գործարար շրջանակներին ակտիվ քննարկել հարցը:  

Գոհար Իսկանդարյանը առաջնահերթ համարեց Մեղրու ՀԷԿ-ի ծրագիրը, որի իրականացման համար ըստ նրա՝ կարծես թե խնդիր գոյություն չունի: «Հիմնարկեքը տեղի ունեցավ, բայց աշխատանքները չեն իրականցվում։ Ինչու, որովհետև Իրանը չուներ անհրաժեշտ գնումները, որ ներդներ այս պրոյեկտի համար, իսկ նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվելու է իրանական կողմից, որը 15 տարի շահագործվելու է, և ապա անցնելու ՀՀ-ին: Հույս ունեք, որ այս ծրագիրը պետք է իրականացվի»,-ասաց նա:

Իրանագետը կարծում է, որ նախընտրելի կլիներ ՀՀ-ն ավելի ակտիվ լիներ Իրանի համագործակցության հարցում:

«Դրական առումով ագրեսիվություն ցուցաբերեր, բայց իհարկե քայլեր արվել են»,-ասաց նա և հավելեց, թե Նախագահի կողմից նաև հրահանգներ տրվել են, կարևորություն տրվել է և աշխատանքներ տարվել են և քայլեր արվում են:

Այն դիտարկմանը, որ Վրաստան-Ադրբեջան գազի ծավալների հարցով համաձայնությունը հուշում է, որ Հայաստանը տարանցիկ գազատար անցկացնելու հարցը դուրս է գալիս  օրակարգից, Գոհար Իսկանդարյանը նշեց, որ դա նշանակում է ևս մեկ անգամ կորցրեցինք մեր հնարավորությունը և հավելում, թե դա այդքան էլ մեր խնդիրը չէ և հուշում է՝ գազատարը Իրանի հետ «Գազպրոմին» է պատկանում:

«Մեզանից շատ բան կախված չէ, եթե համաձայն էին, կարող էին գալ, որոշակի համաձայնության»,-ասաց նա:

ՀՏՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, փորձագետ Ատոմ Մարգարյանի համոզմամբ՝ Իրանից սպասելիքները ինչպես զարգացած երկրների համար, այնպես էլ իր հարևան երկրների համար մեծ են, բայց դեռևս այդ հնարավորությունները կենսական դառնալու մասին վաղ է խոսել:

Այս հարցում ՀՀ-ի վարքագիծը գնահատում է չափավոր զսպվածության ու հետախուզման մակարդակում և հուշում՝ չմոռանալ ԵՏՄ անդամ ենք իրանական վեկտորը կարող ենք դիտարկել որպես այլընտրանք և այս հարցում մանևրել:

«Իրանը տասնամյակների ընթացքում ստեղծել է բարձր տնտեսություն, մտնել շուկա բարդ է: բայց պետք է ասել, եթե նայել վիճակագրությանը, ապա հունվար ամսին երեք անգամ ավելացել են դեպի Իրան արտահանումները: Արդյունաբերություն, էներգետիկա, գիտական որոշակի ճյուղերում կան հնարավորություններ, ինչպես օրինակ դեղագործությանն առնչվող հետազոտական ոլորտները զարգացած են Իրանում»,-ասաց նա: