12:26 , 9 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Նոր Ընտրական օրենսգիրքը ոչ վերարտադրության և ոչ էլ ձևական ֆասադային փոփոխությունների համար է, նպատակն է հանրության մոտ բարձրացնել վստահության մակարդակը. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ քաղաքական իշխանությունն ուզում է մեկընդմիշտ լուծել այս խնդիրը: «Ունենք քաղաքական կամք, որպեսզի չլինեն հետընտրական ոչ հաճելի զարգացումներ, որ ընդդիմությունն առանց հիմքի չասի, որ հաղթել են»,- ասաց նա և հավելեց, թե անկախ նրանից կհաղթի որ ուժը, կլինի այնպես, ինչպես ժողովուրդը կորոշի:
«Դրա համար պետք է հանգենք կոնսեսուսային տարբերակի, լսենք բոլորին: Չենք ասում բոլոր առաջարկներն ընդդիմության ընդունվելու են, չկա մի իշխանություն, որ բոլոր առաջարկներն ընդունի, բայց ռացիոնալ իրատեսական առաջարկները պատրաստ ենք ընդունել: ԸՕ-ի վերջնական տարբերակը կձևավորվի քաղաքական ուժերի վերջնական քննարկումների արդյունքում»,- ասաց նա:
Ընդդիմության և հասարակության դժգոհությունները, թե ԸՕ-ն նախ ներկայացվում է Վենետիկի հանձնաժողով և նոր միայն ՀՀ քաղաքացիներին, և որ կուլիսներում է քննարկվել ու ընդդիմությունը տեղյակ չի եղել փոփոխություններից, Շարմազանովը նշեց, որ ԸՕ-ի փաթեթի նախնական տարբերակն է ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:
«Որևէ փաստաթուղթ պետք է քննարկվի մասնագիտական-փորձագիտական խմբի հետ, այնուհետև հանրությանը ներկայացվի, հիմա հիմնական քննարկումները տեղի են ունում ԱԺ-ում, դժգոհությունների առիթ չկա, չի լինելու մի հարց, որը չի քննարկվելու, կազմակերպվելու են լսումներ, հանրության և ընդդիմության բոլոր առաջարկները մենք պատրաստ ենք ականջալուր լսել, մեր խնդիրն է ունենալ ավելի ժողովրդավար ԸՕ, որ ժողովրդի վստահությունը ընտրական գործընթացի վերաբերյալ դրական կլինի»,- ասաց նա՝ ընդգծելով թե ամեն ինչ լինելու է հանրության աչքի առաջ:
Իսկ ընդդիմությանը խորհուրդ է տալիս ոչ թե պահանջներ ներկայացնել, այլ առաջարկներ։ Եվ հիշեցնում է՝ «կատեգորիկ խոսքը քաղաքական լեզուն չէ, պետք է գնալ փոխզիջումների տարբերակին»:
«Մենք պետք է գտնենք սողոմոնյան ոսկե տարբերակը, ով է ասել, որ ՀՀԿ-ն ամենախելացին է, և քննարկման ենթակա չէ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է արդեն իսկ առկա կետերի վերաբերյալ քննադատություններին, ինչպես, օրինակ, ընտրական տեղամաս լրագրողների թիվը սահմանափակելու և սահմանելու 8-ը, Շարմազանովը նշեց, թե չի լինելու մի դրույթ, որը չի քննարկվելու:
«Կքննարկենք բոլոր հարցերը, մեկի համար 8-ն է նորմալ, մեկի համար՝ 10-ը, բայց սահմանափակումներ չի կարող չլինել, շատ են լրատվական միջոցները, ընտրատարածքում պատկերացրեք, եթե 50-60 լրագրող լինի»,- ասաց նա և հիշեցրեց, որ եղել են կեղծ լրագրողներ ևս: