Այս տարի նախադրյալներ կան տնտեսության զարգացման համար. Գագիկ Մակարյան


12:14 , 9 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով էկոնոմիկայի նոր նախարար Արծվիկ Մինասյանի գործունեությանը, հույս հայտնեց, որ նա կկարողանա ՓՄՁ-ների նկատմամբ նոր ռազմավարությունը ճիշտ կիրառել:

Նա նշեց, որ Հայաստանում ամսական 800-1000 ձեռնարկատիրություն է փակվում,  հնարավոր է դրանից փոքր-ինչ ավել էլ բացվում են, սակայն նշեց, որ բացվածները էական ազդեցություն չեն ունենում տնտեսության վրա:

Գագիկ Մակարյանը նկատեց, որ Հայաստանից արտահանման ծավալները դեպի Ռուսաստան էականորեն նվազել է վերջին մեկ-երկու տարվա ընթացքում, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանից դեպի Հայաստան ներմուծմանը, ապա ասաց, որ այն տեղական արտադրողների համար որոշակի խոչընդոտներ կարող է առաջացնել և արդյունքում հնարավոր է նրանք տուժեն, քանի որ մրցակցությանը չեն դիմանա:

«Ես կարծում եմ ստվերի հաղթահարման, կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ դերակատարություն ունի նոր Պետական եկամուտների կոմիտեն»,- ասաց նա:  

Նա նշեց, որ կոսմետիկ քայլերով առաջ գնալ  չենք կարող և լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ: «Այս տարի նախադրյալներ կան տնտեսության զարգացման համար, և իմ հաշվարկներով՝ ոչ թե երկու տոկոս, այլ չորս տոկոս տնտեսական աճ կլինի, ինչը  որոշ չափով կառավարության շնորհիվ կլինի,  իսկ ավելի շատ պայմանավորված կլինի գլոբալ վերադասավորումներով, Հայաստանի նկատմամբ ուշադրության բարձրացմամբ և գերտերության շահերի համընկնմամբ»,- ասաց նա և նշեց, որ մենք այս ժամանակաշրջանը պետք է ճիշտ օգտագործել: