Քրդերը մեղադրել են սիրիական ընդդիմությանը քիմիական հարձակման համար


11:22 , 9 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Սիրիայում կռվող քրդական ինքնապաշտպանության ջոկատները հայտարարել են, որ այլ ապստամբ խմբավորումներ իրենց դեմ քիմիական զենք են կիրառել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Քրդերի խոսքերով՝ միջադեպը տեղի է ունեցել Հալեպում: Նրանց դիրքերի մոտակայքում պայթուցիկ է պայթել, որը ջոկատի ներկայացուցիչների համաձայն՝ պարունակել է որոշակի դեղնավուն նյութ, ենթադրաբար՝ ֆոսֆոր:

 

Ապստամբներն ի պատասխան հայտարարել են, որ չեն օգտագործում քիմիական զենք: Նրանք նաև մեղադրել են քրդերին նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի հետ համագործակցության համար, իսկ քուրդ դիպուկահարներին՝ Հալեպում չափավոր ընդդիմության ներկայացուցիչների սպանության համար։

 

Այժմ Սիրիայում շարունակվում է հրադադարը, որը կնքվել է օրեր առաջ։ Այն կնքել են զինված հակամարտության բոլոր մասնակիցները, բացի ծայրահեղական կազմակերպություններից։ Դա քաղաքացիական պատերազմի հինգ տարիների ընթացքում կրակի իրական դադարեցման առաջին դեպքն է:

 

Հրադադարի հաջողվել է հասնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի աջակցությամբ: ՄԱԿ-ը և Եվրամիությունը նշում են, որ հիմնականում հրադադարը պահպանվում է, սակայն առանձին խախտումներ, այնուամենայնիվ, լինում են։