Թուրքիան պետք է հարգի ժողովրդավարական արժեքները


22:12 , 7 մարտ, 2016

federica_mogherini_031114Araratnews.am-ը գրում է.

Թուրքիան՝ որպես ԵՄ անդամակցությանը հավակնող երկիր, պետք է հարգի ժողովրդավարական արժեքները։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերով եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ժամանելով  ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովին։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ Թուրքիան պատասխանի ԵՄ կոչերին եւ հարգի բարձր չափանիշները, որոնք վերաբերում են օրենքի գերակայությանը, ժողովրդավարությանը, հիմնարար ազատություններին՝ սկսած խոսքի ազատությունից եւ ժողովների իրավունքից։

Մոգերինին նշել է, որ ցանկացած երկիրը, որն ուզում է ԵՄ անդամ լինել, պետք է պահպանի ԵՄ այդ առանցքային արժեքները։ «Ցանկացած թեկնածու երկիր պետք է հետեւի այդ սկզբունքներին եւ աշխատի պահպանել դրանք»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի  ոստիկանությունը մարտի 5-ի գիշերը ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր գազով ցրել էր խմբագրության  մոտ տարերային ցույցը, որին մասնակցում էին Zaman-ի հարյուրավոր ընթերցողներ՝ ի նշան Ստամբուլի դատարանի որոշման, որի համաձայն՝ Zaman թերթի կառավարման համար հոգաբարձուների խորհուրդ էր նշանակվել: Թերթի լրագրողները կարծում են, որ դրա հետեւանքով թերթը կփակվի: Ոստիկանները մտել էին խմբագրության շենք եւ դուրս հանել բոլոր աշխատակիցներին: