Արցախում սահմանադրական բարեփոխումների շուրջ ԼՂՀ նախագահի պաշտոնական դիրքորոշումը դեռևս հայտնի չէ


19:00 , 7 մարտ, 2016

Armenpress.am-ը գրում է.

Արցախում սահմանադրական բարեփոխումների առնչությամբ տեղի իշխանությունների պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա, քննարկումները շարունակվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը անդրադառնալով Արցախի խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների փետրվարի 23-ին նախագահ Բակո Սահակյանին ուղղված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու առաջարկին:

«Քաղաքական ուժերը հանդես են եկել նման առաջարկով, որպեսզի ստեղծվի մասնագիտական հանձնաժողով: Քննարկումներն այդ ուղղությամբ շարունակվում են: ԼՂՀ նախագահի պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա»,- ասաց Բաբայանը: Նրա խոսքով ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումն այդ հարցում: Միաժամանակ, Արցախի նախագահի մամուլի խոսնակն ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումների հարցը պետք է վերջնականապես որոշի ժողովուրդը հանրաքվեի միջոցով, իսկ թե ինչպիսին կլինի նրա կարծիքն այդ հարցում ժամանակը ցույց կտա:

ԼՂՀ նախագահին ուղղված փաստաթուղթը ստորագրել են «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88», «Ազգային վերածնունդ», Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Արմենական, Արցախի հանրապետական կուսակցությունների ղեկավարները: