Հատավաճառ ծաղիկների դեպքում 50-100% գնաճ է լինում, ծաղկեփնջերի դեպքում՝ ավելի բարձր. ծաղկավաճառը խորհուրդ է տալիս գյուղացուն չմեղադրել


17:26 , 7 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ամեն տարի Մարտի 8-ին ընդառաջ բարձրանում են հատկապես ծաղիկների գները: Tert.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, թե սա պարբերաբար կրկնվող խնդիր է, և այս խնդիրը կրկնվում է ոչ միայն Մարտի 8-ից կամ Ապրիլի 7-ից առաջ, այլ կամայական տոնից և մեռելոցից առաջ նույնպես:

«Այս դաշտի չվերահսկվելը, ըստ էության, օրենսդրական դաշտում առկա խնդիրներով է պայմանավորված: Գների կարգավորման տեսանկյունից Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բացառապես գերիշխող դիրք ունեցող ընկերությունների նկատմամբ իրավասություն ունի գործառույթ իրականացնելու: Եթե մոլորեցնող տարր պարունակող, կեղծումների պարագայում փոքր և միջին բիզնեսին ևս իրավասու է գործառույթներ իրականացնել, ապա գնային կարգավորումների իմաստով՝ միայն խոշորին: Փոքր բիզնեսը մնում է վերահսկողությունից դուրս»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ այստեղ կա մեկ խնդիր, թե արդյոք չկան ջերմոցային այնպիսի տնտեսություններ, որոնք գերիշխող դիրք ունեցող են, որոնց ծաղիկները շուկայում գերակայում են:  Սպառողների շահերի պաշտպանի կարծիքով՝ ոլորտը թերևս կարելի է կարգավորել, եթե գոնե սահմանվի շեմ, որպեսզի ջերմոցային տնտեսությունները վերահսկվեն, որպեսզի նրանք մանրածախ վաճառքով զբաղվող ընկերություններին կամ անհատներին իրավունք չունենան գնից թանկ ծաղիկ վաճառել: Բայց դա, ըստ նրա, ևս ժամանակատար գործընթաց է:

«Ցավոք, սա այն դեպքերից է, երբ սպառողի շահը չենք կարողանում իրավունքի վերածել: Եթե այս խնդիրը բիզնես դաշտում չկարգավորվի, այլ կերպ չի կարգավորվի, մեխանիզմներ և լծակներ աշխարհում չկան: Պարզապես զարգացած երկրներում մրցակցությունն այնպես է, որ գործ են ունենում զեղչերի, այլ ոչ՝ թանկացումների հետ»,-ասաց Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով նաև, թե ծաղիկների շուկայում կա մի ուղղություն, որտեղ թվերը համեմատաբար կայուն են. դրանք հողում աճեցվող ծաղիկներն են, որոնք վաճառվում են իրենց տարաներով և երկար կյանք են ունենում:

Պիպոյանն ասաց, թե իրավական տեսանկյունից չկա մեխանիզմ դաշտը կարգավորելու. «Մինչդեռ մենք ունենում ենք բավական լուրջ գնաճ. հատավաճառ ծաղիկների դեպքում 50-ից մինչև 100%, իսկ ծաղկեփնջերի դեպքում շատ ավելի բարձր գնաճ ենք ունենում»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ասաց, թե մեր երկրում շուկան դեռ չի կայացել. «Մեզ  մոտ դեռ արևմտյան բազար է, երբ որ մի բան շատ է վաճառվում, գինը բարձրացնում են, ասում են՝ մեկ է, սպառող կա: Արտասահմանում այլ կերպ է, եթե մի բան շատ է վաճառվում, աշխատում են գինն իջեցնել, որ ավելի շատ վաճառվի»:

Ադիբեկյանն ասաց, թե նվեր անելիս լավ կլինի տան համար մի բան առնել, քանի որ ծաղիկն այն մարդկանց համար է, ովքեր բոլոր հարցերը լուծել են, սպասում են ավելի նուրբ, գեղագիտական վերաբերմունքի:

«Եթե ծաղիկ ես առնում, պարտադիր չէ, որ 20 հատ վարդ նվիրես, մեկը կամ երեքն էլ է բավական, կարևորն այն է, որ ցույց տաս, թե հիշում ես, ուշադրություն ես դարձնում»,-խորհուրդ տվեց Ահարոն Ադիբեկյանը:

Tert.am-ի  հետ զրույցում, ծաղկավաճառը, սակայն, խորհուրդ տվեց չմեղադրել ջերմոցատեր գյուղացիներին, ասելով, թե նրանք բավական թանկ են վճարում գազի համար, որպեսզի կարողանան ծաղիկ աճեցնել:

«Ես, օրինակ, այս օրերին աշխատում եմ գին չբարձրացնել, ինքնարժեքից 50 դրամով ավելի եմ վաճառում ծաղկի հատը, որպեսզի գնորդս գոհ ու ուրախ լինի, որպեսի 10 հատի փոխարեն 50 հատ վաճառեմ: Սովորական կակաչի ինքնարժեքը եթե 350 դրամ է, վաճառում եմ 400 դրամով, և միշտ գնորդ ունեմ»,- ասաց ծաղկավաճառը՝ ևս մեկ անգամ ասելով, թե պետք է մտնել գյուղացիների դրության մեջ: