Երկրի գյուղատնտեսության ապագան ես կապում եմ կոոպերատիվների զարգացման հետ. Սերգո Կարապետյան


15:28 , 7 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Մենք կոոպերատիվ շարժումը մեր երկրում համարում ենք գերակա և արդեն շարժումը թափ է առել, և մեր երկրի գյուղատնտեսության ապագան ես կապում եմ կոոպերատիվների զարգացման հետ. այս  մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ անդրադառնալով կոոպերատիվների զարգացմանը:


«Առանց կոոպերատիվների մեզ մոտ գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ և  արդյունաբերական հիմքերի վրա դրվել»,-ասաց նա և նշեց, որ ինչպես փոքր կոոպերատիվներ կան, այնպես էլ կան խոշորները:


Նախարարն ասաց, որ այսօր ոչ միայն անասնապահության ոլորտում այլ նաև բուսաբուծության ոլորտում կան փոքր ջերմոցային տնտեսություններ, ու հատկապես սահմանամերձ համայնքներում, որոնք շատ դրական արդյունքներ են գրանցում: «Ինձ համար կարևոր է, որ այդ փորձը փոխանակենք մյուսներին, որ բոլորը տեսնեն, որ կոոպերատիվներին անդամագրվելով իրենք ավելի մեծ եկամուտներ են ունենում: Այս տարի մենք ավելի լայն բացատրական աշխատանք ենք տանելու գյուղացիական տնտեսությունների շրջանում, որպեսզի իրենք համոզվեն, որ կոոպերատիվը կարևոր է իրենց համար»,- ասաց նա և նշեց, որ այսօրվա դրությամբ կան գործող 272 կոոպերատիվներ:


«Մենք արդեն արժեշղթաներն ենք հզորացնում, որպեսզի ոչ միայն անասնապահության ոլորտում կենդանիների գլխաքանակն ավելանա, այլ նաև գյուղատնտեսության բոլոր ոլորտներում կոոպերատիվները հզորանան և արժեշղթաները զարգանան, դրանք են՝ վերամշակման ճյուղերի ստեղծում, սպանդանոցների ստեղծում, ջերմոցային տնտեսությունների ստեղծում, սառնարանային տնտեսությունների, պահածոների, վերամշակման արտադրամասերի ստեղծումը»,- ասաց նա: