Զբոսաշրջությունն Իրանի համար կարևոր ոլորտ է, ու այն խթանվելու է. իրանագետ


14:24 , 7 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Իրանն իր նկատմամբ  պատժամիջոցների վերացումից հետո լուրջ ուշադրություն է դարձնելու զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչի հետևանքով, միանշանակ, ավելանալու են Հայաստան իրանցի զբոսաշրջիկների հոսքերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:


«Հասկանալի է, որ պատժամիջոցների վերացումը նոր հնարավորությունների բացում է  այդ առումով,   և , անշուշտ, իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքը Հայաստան երաշխավորված կլինի: Նովրուզի ժամանակահատվածում ինքս զրուցել եմ տարբեր տուրիստական ընկերությունների հետ, և բոլորը միաբերան փաստում են այն, որ  իրանցիների մեծ հոսք է սպասվում»,- ասաց Ռուդիկ Յարալյանը:


Այս հարցում, ըստ նրա,  պակաս կարևոր չէ այն, որ  պատժամիջոցների վերացումից առաջ իրանցի զբոսաշրջիկների Հայաստան գալու համար որոշակի  դժվարություններ  կային` իրանական արժույթի արժեզրկված  լինելու և դոլար ձեռք բերելու դժվարությունների առումով:


Ռուդիկ Յարալյանի հավելմամբ` Իրանը  սկսում է  բաց դռների քաղաքականություն ոչ միայն հեռավոր երկրների հետ, այլ հատկապես շեշտը դնում է տարածաշրջանային երկրների վրա՝ տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու համար:


Ըստ նրա`զբոսաշրջությունն Իրանի  համար շատ կարևոր ոլորտ է, որի զարգացման համար նախկինում շատ լուրջ խոչընդոտներ կային:  «Մասնավորապես այն, որ այդ  երկիրը սովոր լինելով  փակ քաղաքականության,  հրապուրիչ չէր օտարերկրյա զբոսաշրջիկների համար:  Բայց հիմա պատժամիջոցների վերացումից հետո  միանգամայն այլ իրավիճակ է ստեղծվել, նրանք փորձում են  զբոսաշրջության ոլորտում լուրջ փոփոխություններ կատարել, որպեսզի  հետաքրքրություն առաջացնեն օտարերկրյա զբոսաշրջիկների համար»,- արձանագրեց Ռուդիկ Յարալյանը: 


Մյուս  կողմից, ըստ նրա, Իրանը այս առումով շատ սպեցիֆիկ երկիր է, որովհետև հասկանալի է, որ զբոսաշրջիկներն այդ երկիր չեն այցելելու զվարճանքների կամ այլ  նպատակներով, այլ զուտ պատմամշակութային վայրեր այցելելու:


Հիշեցնենք, որ Իրան է այցելում տարեկան 4.7 միլիոն  զբոսաշրջիկ: