ՀԱԿ-ին ու Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի քննադատությունը մակերեսային է և կոնտեքստից կտրված


18:53 , 12 հունվար, 2013

Վերջապես կարդացի Նիկոլի «Ground Zero» ու «Քաղաքական տարվա տարին մեկնարկելիս» հոդվածը: Շատ չեմ ծավալվի, ուղղակի կգրեմ իմ ստացած տպավորությունների մասին: 
Ըստ իս՝ հոդվածը շատ մակերեսային ա ու նրանում տեղ գտած մեկերեսային մեղադրանքները, ըստ էության, չեն տարբերվում նախագահի հասցեին դաշնակցական ոճի այս տիպի մեղադրանքներից` «Լևոնը սխալ արեց, որ Նախիջևան չմտանք» կամ «Մենք կարող էինք հասնել մինչև Բաքու կամ Կիրովաբադ, բայց Լևոնը չթողեց կամ չուզեց, դա մեր գլխավոր սխալներից էր»:
Նմանատիպ մեղադրանքներ հնչեցնողներն, ըստ իս, չեն խորանում իրերի դրության մեջ ու տեսնում են միայն այսբերգի երևացող մասը: Երբ նման վարքագիծ է դրսևորում շարքային քաղաքացին կամ բնակիչը, դա ընդունելի ա, նա չունի քաղաքական գործիչ դառնալու նկրտումներ, բայց երբ դա անում են քաղաքական գործիչները կամ նման հավակնություններ ունեցողները, դա արդեն էժանագին պոպուլիզմ է, քաղաքական պրոցեսը նենգափոխելու և ըստ քաղաքական նպատակահարմարության ներկայացնելու փորձ է և արդեն քննադատելի է իմ կարծիքով: 
Նման դիրքորոշումը պրիմիտիվացնում ա քաղաքականություն ասվածը ու քաղաքականությունը հավասարեցվում ա միտինգային ճառերին կամ հրապարակախոսությանը: 
Ես միջազգայնագետ եմ, ես 10 տարուց ավել մասնագիտական մակարդակով, իսկ վերջին 4 տարում արդեն ասպիրանտական մակարդակով ուսումնասիրում եմ միջազգային հարաբերությունների պատմությունը, առանձին երկրների ներքաղաքական պրոցեսների վրա արտաքին ազդեցությունները ու գտնում եմ, որ քաղաքական պրոցեսը համալիր քննարկելու և նրանում տեղ գտած սխալների օբյեկտիվ ու սուբյեկտիվ բնույթը կարելի է որոշել միայն շաաաաաաատ տարիներ անց, երբ կբացվեն քո երկրի ու քո երկրում ազդեցություն գործող այլ երկրների արխիվները: 
Մեր բախտը այս առումով մասամբ բերեց «Վիկիլիքսի» շնորհիվ: Ես կարդացել եմ «Վիկիլիքսի» հայաստանյան բաժնի գրեթե բոլոր ֆայլերը 2007թ.-ից սկսած, կարդացել եմ ոչ թե մամուլից, այլ օրիգինալ տեքստերը, որոնք վկայում էին սերժիկ սարգսյանի նկատմամբ ԱՄՆ-ի անվերապահ աջակցության և ՀԱԿ-ի վրա ամերիկյան ահռելի ու անգամ թշնամական ճնշումների մասին, բայց սա էլ բավական չէ այսբերգի թաքնված ամբողջ զանգվածի չափերն հասկանալու համար, որովհետև այն պարզելու համար մեզ դեռ պետք է որ գոնե այդքան ինֆորմացիա ստանանք ռուսական, ինչպես նաև եվրոպական արխիվներից: 
Էլի եմ ասում, քաղաքականությունը միայն միտինգից ու պառլամենտի ամբիոնից հրապարակախոսական ժանրի ճառեր արտասանելը չի, հրապարակում կանգնած քաղաքացուն ոգևորելը չի: Քաղաքականությունը նաև արտաքին հարաբերություններն են, քո երկրում օբյեկտիվ պատճառներով շահեր և հետաքրքրություններ ունեցող արտաքին խաղացողների վերլուծությունն ու դրանք չանտեսելն է, ու հաշվի չնստել այս հանգամանքների հետ, իմ կարծիքով, նշանակում է քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով էժանագին պոպուլիզմով զբաղվել կամ սեփական թիմը կործանելու հաշվին քաղաքական կապիտալ ձեռք բերել:
Նիկոլ ջան, դու միգուցե չես տիրապետում ներքին քաղաքականության վրա արտաքին այդ ազդեցություններին, բայց որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ մի՞թե դժվար է հասկանալ, որ եթե չլիներ այդ արտաքին կողմը, երկխոսության մեկնարկից անմիջապես առաջ որևէ արձագանք ԵՄ-ից Քեթրին Էշտոնի շուրթերից և ամերիկյան արձագանք դեսպան Յովանովիչի շուրթերից չէր հնչի:
Եթե ուզում ես քննադատել Կոնգրեսի ռազմավարությունը կամ մարտավարությունը, Տեր-Պետրոսյանի սխալ կամ ճիշտ լինելը, էլի պրոբլեմ չկա, քննարկի, բայց լավ կլիներ՝ այդ քննադատությունը լիներ համալիր, կոմպլեքս, ուրիշ քաղաքական պրոցեսների հետ փոխկապակցվածության մեջ, թե չէ կտրել ամբողջ պրոցեսը կոնտեքստից ու այն քննադատել պրոցեսներից կտրված, խեղաթյուրված ու աղճատված և առաջնորդվելով քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` համարում եմ անազնիվ, ոչ ճիշտ և ոչ արդարացի:
Հ.Գ.
Գնահատականս թերևս շաաաաաատ ավելի կոշտ և կտրուկ կլիներ, եթե հոդվածի հեղինակը իմ ընկեր ու Կոնգրեսի անդամ Նիկոլը չլիներ: