13:16 , 6 մարտ, 2016
Հայաստանի համար առկա շրջափակումը ճեղքելու միակ հնարավորությունը Եվրոպայի հետ համագործակցությունն է, Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյանների՝ Հայաստան այցելություններին, մասնավորապես օրեր առաջ Հայաստան Եվրամիության արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցին։
«Եվրոպացի գործընկները բնավ էլ հետևողական չեն Հայաստանը չկորցնելու հարցում, եվրոպական գործընկները հասկանում են, որ Կովկասի քրիստոնյա, քիչ թե շատ քաղաքակիրթ երկրներից է, որն այժմ գտնվում է ցայտնոտային վիճակում ու սխալ ընտրության պատճառով, ի տարբերություն Բելառուսի և մյուս երկրների, որոնք մտել են ԵՏՄ, Հայաստանը, այնուամենայնիվ, շրջափակման վիճակում է, չունի բնական ռեսուրսներ, և Հայաստանը հասկանում է, որ իր միակ ռեսուրսը հասարակական, ժողովրդավարական ռեսուրն է և համագործակցությունը՝ բլոկադան ճեղքելու համար»,- ասաց նա:
Ըստ Անուշ Սեդրակյանի՝ եվրոպացի պաշտոնյաները ոչ թե բուռն ցանկություն ունեն համագործակցելու Հայաստանի իշխանությունների հետ, ցանկություն ունեն Հայաստանը դուրս չբերել եվրոպական ուղեծրից:
Ըստ քաղաքական գործչի՝ ինչպես ինքը, այնպես էլ ՀՀ-ի մեծամասնությունն այն կարծիքին է, որ հայաստանցիների մտածողությունը, կենցաղավարումը, ՀՀ-ի կրոնը նաև պահվածքն ավելի շատ եվրոպական պահվածք է, քան արևելյան դիկտատորական կամ ռուսական:
«Անխուսափելի է մեր և Եվրոպայի միաձուլումը, և ուղղակի ՀՀ իշխանությունները սեփական գործունեությանը վնաս կբերեին, եթե խոչընդոտեին այդ կապերին»,- ասաց նա:
Նույն իշխանության կողմից տարվող արտաքին քաղաքականությունը, թեև Անուշ Սեդրակյանը չի կարող գնահատել բավարար, բայց դրական է գնահատում այն, որ չեն ենթարկվում ռուսական սադրանքներին և թեժացնում հայ-թուրքական հակասությունը:
«Ըստ իս՝ պետք էր խզել ԵՏՄ-ի հետ պայմանագիրն ընդհանրապես և դրանով ավարտել ամեն ինչ, միգուցե ես այստեղ մի քիչ ռադիկալ եմ, բայց կարող եմ ասել, որ այն փաստը ՀՀ-ի իշխանությունները չեն ենթարկվում ռուսական պրովոկացիաներին, չեն թեժացնում հայ-թուրքական հակասությունը, չնայած տարվող տարբեր տիպի քաղաքագետների կոչերին: Ակնհայտ է, որ մենք ռուսական քաղաքականության ուղեծրում խամաճիկի դեր ենք միշտ կատարել և հիմա էլ ուզում են հրել այդ խամաճիկի դերը: Ներկա պահին, որ այդ պրովոկացիաներին չեն ենթարկվում, ես համարում եմ շատ պոզիտիվ քայլ»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե մատնացույց են արվում ռուսական կողմի սադրանքները, իսկ եվրոպական կողմից գնահատականներից ոչինչ չեն ասում, պատասխանեց. «Ի՞նչ է, եվրոպացի պաշտոնյաներն ասում են՝ գնացեք, այլ երկրի հետ պատերազմե՞ք, նրանք ընդամենն ասում են, որ մի կեղծեք սեփական ժողովրդին»:
Իսկ այն, որ ընտրությունների անցկացումը բավարար են որակում, և հայտարարում են, որ քաղբանտարկյալ էլ չկա՝ Անուշ Սեդրակյանը հակադարձեց. «Ես նախ պետք է դրա բնական տեքստը կարդամ, հետո էլ ես ասել եմ, տարբեր են Եվրոպայի և Հայաստանի քաղաքականությունները, տարբեր են չափանիշները, գուցե Եվրոպայի համար իրական քաղբանտարկյալը Հյուսիսային Կորեայի ժողովուրդն է, բայց դա նշանակություն չունի, պետք է մի քիչ չափորոշիչները հիմնավորվի: Իրոք ասեմ, եթե եվրոպական պաշտոնյաներն ուզում են, որ ՀՀ բնակչությունն ապրի իրավունքների պաշտպանման դաշտում, դա այդքան էլ վատ բան չի, համենայնդեպս, որևէ արտաքին կոնֆլիկտների նրանք մեզ չեն դրդում»: