21:46 , 5 մարտ, 2016
Ժամանցային վայրերը, առևտրի կենտրոններին էլ են հարկավոր են մեր երկրին. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը՝ պատասխանելով հարցին, թե միտում չի տեսնում արդյոք, որ մեր գործարարները եկեղեցաշինությունից բացի ներդրումներ անում են միայն տարբեր առևտրի կենտրոնների, մոլերի ու ժամանցային վայրերի բացման վրա:
«Առևտրի կենտրոնները և ժամանցի վայրերը նույնպես աշխատատեղեր են, այդ ամեն ինչի շինարարությունը, կառուցումը նույնպես աշխատատեղերի ապահովում է, որովհետև բավական մեծ շրջանակների են ներգրավում, դրա կառուցման հետ կապված, ինֆրաստրուկտուրա է աշխատում, տարբեր տեսակի շինարարական նյութեր են օգտագործվում և այլն: Օրինակ՝ նույն ժամանցային կենտրոնները հարկավոր են տուրիզմը զարգացնելու համար»,- ասաց նա:
Իսկ թե ինչու են խուսափում արդյունաբերության, արտադրության համար ներդրումներ անելուց, Գարեգին Նուշիկյանը պատասխանեց. «Դա մի քիչ ավելի շատ խորը հարց է, որովհետև արտադրություն դնելու համար շուկան այնքան փոքր է, որ լուրջ արտադրություն, միայն հենվելով ներքին շուկայի վրա, անհնար է, որ լուրջ ներդրում անես, որ ապահովես շահույթ: Դու պետք է դրսի շուկան էլ ունենաս: Եվ պատահական չէ, որ ՀՀ նախագահն ԱԳՆ-ի հետ դեսպանների մասին խոսեց, որ դեսպանները դրսում շուկաներ գտնեն, կամաց-կամաց դա էլ կլինի, շուկա որ ունենաք, ամեն ինչ էլ կլինի»:
Հարցին, թե տնտեսական ինչ կանխատեսումներ կան, Նուշիկյանը նշեց. «Մռայլ չասեմ, բայց դժվար ժամանակներ են մեր տնտեսության համար, պետք է դիմանանք և փորձենք առաջ գնալ: Իսկ դիմանալու և առաջ գնալու համար պետք է լավատես լինենք և լավ ակնկալիքներ ունենանք»: