Մետրոպոլիտենի արդիականացման աշխատանքների 2-րդ փուլը կավարտվի 2017-ին և կմեկնարկի 3-րդը


17:09 , 5 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն էր այսօր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ծանոթանալու դեռևս 2008թ-ից մետրոպոլիտենի բարելավման նպատակով սկսված աշխատանքների որակին:
 
Ինչպես լրագրողների հետ զրույցում մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը, նախագահը անձամբ է 2008թ-ին հանձնարարական տվել` բարելավելու երկարամյա օգտագործման հետևանքով մաշված մետրոպոլիտենը, որի արդյունքում Կառավարությունը 5-մայա ծրագիր է մշակել: Սակայն 2009թ-ի տնտեսական ճգնաժամի պատճառով աշխատանքները դադարեցվել են:
 
«2010թ-ին ՎԶԵԲ-ի հետ կնքվեց 5 մլն եվրոյի չափով վարկային պայմանագիր և մեկնարկեցին առաջին փուլի աշխատանքները, որի շրջանակում ձեռք են բերվել թվով 60 անվասայլակներ, դիզելային տեխնիկական գնացքներ, բարձրավոլտ լարման մալուխներ, փոխակերպիչ սարքավորումներ և այլն: Տնտեսվել է 2.78 մլն եվրո ինչի արդյունքում կատարվել է 8 վագոնի արդիականացում»,-ասաց նա:
 
Փայլակ Յայլոյանը, խոսելով աշխատանքների երկրորդ փուլի մասին, նշեց, որ նույն կազմակերպության հետ դարձյալ 5 մլն եվրոյի պայմանագիր է կնքվել: Աշխատանքները մեկնարկել են 2013թ-ից, որի շրջանակում ևս 8 վագոն է արդիականացվել, ստեղծվել է մետրոյի մեքենավարների ուսումնավարժական կենտրոն, ձեռք են բերվել հակահրդեհային սարքավորումներ, կառուցվել են մետրոյի վագոնների ավտոմատ լվացման կետեր:
 
«Երկրորդ փուլը կավարտեն 2017թ-ի վերջին, ներկայումս ընթացքի մեջ են դրենաժային թունելի երկարացման աշխատանքները: Մետրոյում կատարված աշխատանքները միջազգային կառույցների կողմից գնահատվեց գերազանց, իսկ ՀՀ նախագահը ևս դրական արտահայտվեց ու տվեց հետագա հանձնարարականներ` առաջին և երկրորդ փուլերի աշխատանքից հետո իրագործելու երրորդ փուլը»,- ասաց նա և տեղեկացրեց, որ երրորդ փուլում նախատեսվում է 14 շարժասանդուղքների հիմնանորոգում, 27 վագոնների արդիականացում, գծային տնտեսության առողջացում և այլն:
 
Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե կատարված աշխատանքները որակով կարող են մրցել այլ երկրների մետրոպոլիտենների որակի հետ, ասաց. «Առաջին և երկրորդ փուլի աշխատանքները կատարվել են միջազգային բարձր որակավորում ունեցող խորհրդատվական, ինժեներական կազմակերպությունների հսկողության ներքո»:
 
Անդրադառնալով շարժասանդուղքների մաշվածությանը և դրա հետևանքով հաճախ պատահող դեպքերին, տնօրենների խորհրդի նախագահն ասաց, որ դրանք, իհարկե, մաշվածություն ունեն, բայց դեպքեր ամբողջ աշխարհում միշտ էլ լինում են, ու նաև մարդկանց անզգուշության հետևանք են: