16:56 , 5 մարտ, 2016
Business Georgia-ի փոխանցմամբ՝ Չինաստանին ու ԱՄՆ-ին վրացական գինու վաճառքը հասցնել մինչև տարեկան 10 միլիոն շշի. այդպիսին են Վրաստանի կառավարության երկարաժամկետ պլանները։ Այդ մասին հայտարարել է Գինու ազգային գործակալության ղեկավար Գեորգի Սամանաիշվիլին։
Նրա խոսքերով՝ Չինաաստանի հարցում պլանները կարող են իրականացվել դրա համար հարաբերականորեն արագ ժամկետում՝ 5-7 տարում. «Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա թե՛ կառավարության, թե՛ գինեգործների համար դա կպահանջի ավելի երկար ժամանակ։ Յուրաքանչյուր միջոցառում, որն ուղղված է վրացական գինու հանրաճանաչության մեծացմանը, ուղիղ ազդում է գինու վաճառքի աճի վրա։ Այս տարի մենք նախատեսում ենք Չինաստանին գինու վաճառքը հասցնել մինչև 3 միլիոն շշի։ Ընդամենը 5 տարի առաջ մենք Չինաստանին վաճառում էինք մի քանի հարյուր հազար շիշ գինի։ Ընդհանուր առմամբ, մենք երկարաժամկետ հեռանկարում Չինաստանին ու ԱՄՆ-ին կվաճառենք 10 միլիոն շիշ գինի»։
Գինու ազգային գործակալության տվյալներով՝ 2015 թվականին վրացական գինու արտահանումը Չինաստան կազմել է 2.675.154 շիշ, իսկ ԱՄՆ՝ 248.075 շիշ։