Հավատում եմ, որ անշեղորեն կշարունակեք Սպարապետի մեծ գործը. Նախագահը՝ պատանի երկրապահներին


13:22 , 5 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների երդման առթիվ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, նախագահի ուղերձում ասվում է.


«Երկրապահ կամավորականների միության հարգելի՛ անդամներ և հյուրեր,

 

«Պատանի երկրապահ» կառույցի սիրելի՛ նորագիր անդամներ,

 

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ երդման կապակցությամբ: Այս արարողությունը պատանի երկրապահ դառնալու խորհրդանշական մկրտություն է: Այսօրվանից դուք ավելին եք, քան պարզապես պատանիներ և աղջիկներ: Դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք:

 

Խորհրդանշական է, որ այս արարողությունը տեղի է ունենում մարտի 5-ին՝ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Հավատում եմ, որ դուք անշեղորեն շարունակելու եք Սպարապետի մեծ ու հայրենասիրական գործը: Նաև շարունակելու եք Երկրապահ կամավորականների միության բարի ավանդույթները:


Մաղթում եմ բոլորիդ, որ հպարտությամբ և արժանիորեն կրեք «Պատանի երկրապահ» անունը: Այն ոչ թե տիտղոս է, այլ՝ պարտականություն և պատասխանատվություն: Մաղթում եմ, որ ձեր պատանեկան ավյունն ու եռանդը ծառայեցնեք արդար գործերի և հաջողություններ արձանագրեք ձեր բոլոր հայրենանվեր ձեռնարկներում»: