Ռուսական եկեղեցին 11.500 դոլարի պարտքը կվճարի աղոթքի միջոցով


09:50 , 5 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Ռուս ուղղափառ եկեղեցու Նիժնի Նովգորոդի թեմը 916.000 ռուբլու պարտք է ունեցել «Էռա» շինարարական կազմակերպությանը, որը վերանորոգել է թեմին պատկանող շինություններից մեկը: Սակայն եկեղեցին ի վիճակի է եղել վճարել գումարի միայն կեսը, ուստի՝ շինարարական ընկերությունը ստիպված է եղել դիմել դատարան:

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին հաջողվել է համոզել ընկերության ղեկավարությանը հետ վերցնել հայցն ու մնացած պարտքը` 11.500 դոլար, վճարել աղոթքի միջոցով:

 

Այլ կերպ ասած` եկեղեցին չի վճարի իր պարտքն ու դրա փոխարեն կաղոթի տվյալ ընկերության համար: Հետաքրքրական է, որ տվյալ համաձայնությունը կնքվել է ոչ թե բանավոր, այլ` օրենքի շրջանակում` դատարանի միջոցով:

 

Ընկերության ղեկավարները պահանջել են, որ եկեղեցու անդամներն աղոթեն իրենց առողջության, ընտանիքների համերաշխության ու գործերի առաջընթացի համար:

 

Իրավական դաշտի ռուս փորձագետները նշել են, որ սա Ռուսաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ համաձայնություն է: