ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Կալիֆորնիայի իրավագիտության դպրոցում հանդես է եկել դասախոսությամբ


05:47 , 5 մարտ, 2016

Lurer.com–ը գրում է.

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մարտի 2-ին դասախոսություն է կարդացել Կալիֆորնիա նահանգի Թոմաս Ջեֆերսոնի անվան իրավագիտության դպրոցում (Thomas Jefferson School of Law): Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, ԼՂՀ ներկայացուցիչն անդրադարձել է Արցախի պետականության ձևավորմանն ու զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, բանակցային գործընթացին: Հատուկ անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին՝ միջազգային իրավունքի տեսանկյունից:

Ելույթից հետո Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են Արցախում առկա զարգացումներին, ԼՂՀ քաղաքական և տնտեսական իրավիճակին և մի շարք այլ խնդիրների։

Արցախի ներկայացուցչի դասախոսությունը, որին մասնակցել են ինչպես դպրոցի հայկական ուսանողական միության, այնպես էլ ուսանողական այլ միությունների ներկայացուցիչներ և իրավագիտության ոլորտի ուսանողներ և դասախոսներ, կազմակերպվել էր դպրոցի նախաձեռնությամբ: