Բաքվի տարօրինակ մեկնաբանությունը
01:41 , 5 մարտ, 2016
ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումն անմեղսունակության է հասցրել Բաքվին: Այս անգամ Ադրբեջանի ԱԳՆ-ն ոչ թե Բաքվում ԱՄՆ դեսպանին կանչել և բացատրություններ է պահանջել կամ բողոքի նոտա է հղել Վաշինգտոն, այլ կատարելագործել է իր գործելաոճը: Հիմա արդեն Բաքում հենց ինքն է բացատրություններ տալիս՝ մեջբերելով ԱՄՆ օրենքները և որոշում, թե ինչ իրավունքներ և պարտականություններ ունեն ԱՄՆ դաշնային և նահանգային իշխանությունները: Հենց այս կոնտեքստից էլ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի անկախության ճանաչման որոշումը մեկնաբանել են իրենց ադրբեջանցի անվանողները: «Համաձայն ԱՄՆ օրենսդրության` որևէ տարածքային միավորման անկախության ճանաչման լիազորությունները գտնվում են դաշնային կառավարության ձեռքում: ԱՄՆ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում», -հայտարարել է Trend գործակալությանը Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Կարելի էր զարմանալ ազերի դիվանագետի լկտիության վրա, ով իրեն թույլ է տալիս մեկնաբանել մի բան, որը մեկնաբանելը նրա իրավասությունների մեջ չի մտնում: Բայց մենք գործ ունենք աներես թուրքի հետ, որից ամեն ինչ էլ սպասելի է: Այն, ինչ պետք է մեկնաբաներ ԱՄՆ Պետքարտուղարությունը, անում է պաշտոնական Բաքուն: Բաքվում նստած ազերի դիվանագետներն ավելի լավ գիտեն ամերիկյան օրենքները, քան իրենց վաշինգտոնցի գործընկերները: Հետաքրքիր է, իսկ Վաշինգտոնում տեսնես տեղյա՞կ են, որ Հ.Հաջիևը կես դրույքաչափով ԱՄՆ Պետքարտուղարությունում էլ է մամլո խոսնակ աշխատում: Այսպես շարունակվելու դեպքում իրականությունից կտրված ազերի պաշտոնյաները շատ լուրջ խորհուրդներ կտան ԱՄՆ քաղաքացիներին, թե Բաքուն ում է ցանկանում տեսնել Սպիտակ տանը՝ որպես ԱՄՆ նախագահ:
Հ.Գ.Հիշեցնեմ, որ Ջորջիան հինգերորդ նահանգն է, որ ճանաչել է Արցախի անկախությունը: Մինչ այդ ԼՂՀ-ի անկախությունը ճանաչել էին Լուիզիանան, Մենը, Մասաչուսեթսը և Ռոդ Այլենդը: Բաքուն այդ ժամանակել էր հիստերիայի մեջ ընկնում, բայց այսպիսի անմեղսունակ բաներ չէր անում: