Օրվա բաղադրատոմսը. նուգա
09:00 , 5 մարտ, 2016
Նուգա
Բաղադրիչներ
- պիստակ - 150 գր (բոված)
- շաքարի փոշի - 450 գր
- ջուր - 145 մլ
- մեղր - 120 գր
- ինվերտային օշարակ - 6 գր
- ձվի սպիտակուց - 50 գր (մոտ 1,5 ձվի)
Պատրաստման եղանակ
- Սկզբում սկսում ենք միջուկը պատրաստել։ Միջուկի համար վերցնում ենք այն ինչ
հարմար ենք գտնում, տվյալ պարագայում բոված աղի պիստակ է, բայց կարող եք
տարբեր տեսակի ընկուզեղեն օգտագործել (ցանկալի է պինդ)։ Կարող եք չրեր
ավելացնել, թթվա-քաղցր կոնտրաստ կարող ենք ստեղծել և այլն։

- Եթե ընկուզեղենը կամ չիրը խոշոր է, դանակով կտրատում ենք։

- Խոր կաթսայի մեջ ջուր ենք լցնում և շաքարի փոշի (կարող ենք մանր շաքարավազ վերցնել)։

- Դնում ենք ուժեղ կրակի վրա և զանգվածը եռման աստիճանի ենք հասցնում` մինչև մանր պղպջակներ առաջանան։ Խոհանոցային ջերմաչափով չափում ենք, պետք է զանգվածը 110-112 աստիճանի հասնի։

- Խառնուրդը չենք խառնում, որպեսզի շաքարը չբյուրեղանա։ Եթե կաթսայի պատերի վրա բյուրեղիկներ ենք նկատում, խոնավ վրձնով մաքրում ենք։

- Եթե խառնուրդն արդեն անհրաժեշտ ջերմաստիճանի է հասել ավելացնում ենք մեղրը
և ինվերտային օշարակ։ Մեղրի տեսակը նշանակություն չունի, վերցնում ենք այն ինչ ձեռքի տակ ունենք։
Ցանկության դեպքում կարող ենք բուրավետիչներ ավելացնել` անանուխի, վարդի, էսենցիաներ, օշարակներ։

- Խառնուրդը տաքացնում ենք, խոհանոցային ջերմաչափով չափում ենք պետք է հասնի մինչև 135-140 աստիճանի: Այդ ընթացքում հարում ենք սպիտակուցները:

- Եթե զանգվածը պահանջվող ջերմաստիճանի է, հարիչով առավելագույն արագության վրա հարելով բարակ շիթով ավելացնում ենք սպիտակուցների վրա։ Լցնելուց կարևոր է պատերի վրա լցնել, եթե զանգվածը խառնիչի վրա լցվի, անմիջապես սառած թելեր կգոյանան, ինչը հետագա խառնելու ընթացքին կխանգարի։

- Ջանասիրաբար հարում ենք։

- Հարում ենք այնքան, մինչև զանգվածը սենյակային ջերմաստիճանի դառնա։ Դա կարելի է ստուգել ձեռքով ամանին հպվելով։ Ինվերտային օշարակի օգտագործումից, մեղրի տեսակից և օշարակի ջերմաստիճանից կախված, զանգվածը տարբեր թանձրություն կարող է ունենալ։ Այն ծեփոնի պես է լինելու։

- Լցնում ենք միջուկը։

- Զանգվածը խառնում ենք և լցնում յուղաթղթի վրա։ Եթե զանգվածը թանձր է, ապա
ձևամանի կարիք չկա։ Բայց եթե ցանկանում ենք քառակուսի լինի, վերցնում ենք 18x18
չափի ձևաման։ 2 սմ բարձրությամբ նուգաներ ենք ստանում։

- Զանգվածը հավասարեցնում ենք և գիշերը թողնում սառնարանում։

- Ավելի լավ է դանակը տաք ջրում թրջենք, նոր կտրենք։ Ցանկության դեպքում կարող ենք ձևավոր դանակներով կտրել, օրինակ` սրտիկների տեսքով:

- Մատուցվում է: 12 ժամ անց
- Նախն. ժամանակ: 35 րոպե
- Պատրաստման ժամանակ: 25-35 րոպե