22:08 , 4 մարտ, 2016
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը,
Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ Ջորջիա նահանգի՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու փաստին, ասաց, թե դա ևս մեկ մեծ հաղթանակ է:
«Սա իրոք մեծ ձեռքբերում է, որ ԱՄՆ բավական յուրահատուկ նահանգներից մեկը, որը որ ԱՄՆ հիմնադիր նահանգներից մեկն է, ճանաչում է Արցախի Հանրապետությունը»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ այս գործընթացի հաջողության հիմքն առաջին հերթին այն է, որ Արցախը որպես ժողովրդավարական երկիր կայանում է և որևէ վտանգ որևէ պետության համար չի ներկայացնում:
«Թեպետ չճանաչված է, բայց նորմալ երկիր է, որովհետև որևէ նորմալ երկիր չի կարող ճանաչվել ահաբեկչական կազմավորում: Եթե երկիրը նույնիսկ ճանաչված, բայց ահաբեկչական է, որևէ երկիր չի ուզենա նրա հետ կապ պահպանել, առավել ևս՝ ճանաչել և իրենց սեփական վարկանիշը կեղտոտել: Մենք տեսնում ենք, որ պետականաշինության գործընթացն արժևորվում է, թեև դեռևս ունենք բազմաթիվ խնդիրներ»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Գործընթացի հաջողության հաջորդ հիմքը, ըստ նրա, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության աշխատանքն է:
«Ի տարբերություն մեր հակառակորդների, մենք դրամական միջոցներ չենք ծախսում, այս հաջողությանը հասել ենք հակառակորդների կողմից հակաքարոզչության վրա ծախսվող միլիոնավոր փողերի, ճնշումների և այլ դրսևորումների ներքո: Չափազանց կարևոր է նաև Ջորջիա նահանգի պետական կառույցների և հասարակության կամքն ու սկզբունքայնությունը։ Մենք շնորհակալ ենք Ջորջիայի և՛ նահանգային իշխանություններին, և՛ ժողովրդին, որ եղբայրության, մարդասիրության քայլ դրսևորեցին՝ ճանաչելով մեր հանրապետությունը»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը: