Գիտնականները չեն բացառում, որ Զիկա վիրուսը կարող է տարածել մոծակի ևս մեկ տեսակ


20:12 , 4 մարտ, 2016

Գիտնականները չեն բացառում, որ Զիկա վիրուսը կարող է տարածել մոծակի ևս մեկ տեսակ168.am-ը գրում է.

Զիկա վիրուսի տարածողներ կարող են լինել ոչ միայն Aedes aegypti մոծակները, ինչպես ավելի վաղ կարծում էին: Այս եզրակացությանն են հանգել Օսվալդո Կրուզի հիմնադրամի (Fiocruz) բրազիլացի գիտնականները:

Ինչպես հայտնել Է Epoca հանդեսը, լաբորատոր փորձերի ընթացքում հետազոտողները որպես սնունդ Զիկա վիրուսով վարակված արյուն են տվել Culex տեսակի մոծակներին: Ավելի ուշ կատարված անալիզները ցույց են տվել, որ վիրուսն ունակ է գոյատեւել այդ միջատների ստամոքսում, ուրեմն՝ դրանք նույնպես կարող են լինել հիվանդության տարածողներ:

Գիտնականների գնահատումներով՝ քաղաքներում Culex մոծակները 20 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան Aedes aegypti-ն: Այնուամենայնիվ, բրազիլացի հետազոտողները նախազգուշացնում են, որ վաղ է տագնապ հնչեցնելը: Առայժմ հայտնի չէ, թե Culex մոծակները կարող են արդյոք Զիկա վիրուսի կրողներ դառնալ վայրի բնության մեջ: