Բնակարանային ապահովության խնդիրներն առարկայական են երիտասարդ ընտանիքների համար. Արտեմ Ասատրյան


16:56 , 4 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահ է, որ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը բերելու է բոլոր անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը, որպեսզի քաղաքացիներն ապրեն, աշխատեն, ստեղծագործեն Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
 
«Այն թիրախները, որոնք ընտրվել են և այն խնդիրները, որոնք վեր են հանվել, իսկապես այսօր շատ արդիական են և լուծում են պահանջում»,-ասաց նա և կարևորեց  աշխատանք ունենալու, զբաղված լինելու, ընտանիքի համար նվազագույն կենսաապահովման պայմաններ ստեղծելու հնարավորության ընձեռումը:
 
Նախարարը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ դեպքերում այս խնդիրները շաղկապված են և ազդեցություն են ունենում ժողովրդագրական վիճակի վրա:
 
«Բնակարանային ապահովության խնդիրներն առարկայական են մեր երիտասարդ ընտանիքների համար»,-ասաց նա և նկատեց, որ հնարավոր աշխատատեղերը ցածր վարձատրվող են:
 
«Այս առումով` ծրագրի հաստատման և ընթացք ստանալու դեպքում ցանկացած աշխատավարձով կամ էլ հանրապետության միջին աշխատավարձով պետք է հնարավորություն ընձեռվի, որպեսզի ընտանիքը կարողանա իր խնդիրներին լուծումներ տալ, այսինքն` ունենա բնակարանային ապահովության մինիմալ պայմաններ: Սա առաջին հերթին նշանակում է` բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարություն: Ձևավորվել են որոշակի մոդելներ, բայց մեկ շենքի ամբողջական կառուցումը` որպես սոցիալական բնակֆոնդ, շատ ծախսատար ու ժամանակատար գործընթաց է»,-ասաց նա և նշեց, որ կան տարբեր կատեգորիաներ ու բոլոր ուղղություններով հնարավոր ծրագրային առաջարկներ են արված:
 
Արտեմ Ասատրյանն ասաց, որ վերականգնողական առողջության հետ կապված խնդիրները ևս ծրագրում ընդգրկված են. «Կարծում եմ` սա ամբողջական համալիր ծրագիր է` տարբեր ուղղություններով, որի հաստատման դեպքում սպասվելիք աշխատանքներն առարկայական արդյունք են ապահովելու»:
 
Ինչ վերաբերում է այն հարցին, թե երիտասարդ ընտանիքներն առանց կանխավճարի կարողանալո՞ւ են բնակարան ձեռք բերել, նախարարը պատասխանեց. «Առաջարկները, որոնք ներառված են, ենթադրում են այսօրվա վեր հանված այն հիմնական խնդիրները, որոնք խոչընդոտում են ծրագրի՝ ավելի լայն ընդգրկվածության ապահովմանը, լուծումներ տալուն: Կան առաջարկներ, որոնք վերաբերում են պետության կողմից երաշխիքների տրամադրմանը: Կան որոշակի կառուցակարգեր, առաջարկվում է այս խնդիրների լուծումներն ապահովել պետական երաշխիքների միջոցով»:
 
Արտեմ Ասատրյանը չնայած դրան նշեց, որ բյուջեի հնարավորությունները միշտ սահմանափակ են և չեն բավարարում առկա խնդիրների լուծմանը:
 
«Այս կառուցակարգերի ներդրումը թույլ է տալու բյուջետային միջոցների հատկացման միջոցով խնդրի լուծմանը գնալ: Նաև նախատեսված է առանձին հիմնադրամի ստեղծում` ժողովրդագրական իրավիճակի խնդիրների հետ կապված, նաև ոչ միայն բյուջեի, այլև հնարավոր այլ ռեսուրսների ներգրավման միջոցով` ըստ առաջնահերթությունների: Քանի որ ծրագրերը բազմազան են, մենք խնդիր ունենք առաջնահերթություններ սահմանել և ըստ առաջնահերթությունների, համապատասխան ֆինանսավորումն անելով, ծրագրերն իրականացնել»,-ասաց նա:

Նա նշեց, որ արդեն ծրագրի նախագիծը ներկայացրել են կառավարություն, որը կքննարկի ու կհաստատի ծրագիրը։ Հաստատումից հետո կհաստատվեն նաև ժամկետներն ու զարգացման մեխանիզմները: