14:44 , 4 մարտ, 2016
Միացյալ Թագավորության փոքր և միջին բիզնեսի ավելի քան 200 ընկերությունների ղեկավարներ կարծում են, որ ԵՄ կազմից երկրի հնարավոր դուրս գալը բարերար ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա և կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ձեռնարկատերերի բաց նամակում, որը մեջբերում են տեղական ԶԼՄ-ները:
Փոքր և միջին բիզնեսի գլխավոր դժգոհությունների թվում է ԵՄ չափազանց բյուրոկրատացումը, որին ստիպված են հարմարվել միության բոլոր անդամ-երկրները: «Որպես ձեռնարկատեր՝ մենք մշտապես ստիպված ենք ապրել ԵՄ ոչ պիտանի կանոնակարգերի դիետայով, որոնք դառնում են արտադրանքի հիմնական գների բարձրացման, եկամուտների նվազման ու սպառողների համար առանց որակի բարձրացման գների աճի պատճառ»,- նշվում է նամակում:
Գործարարները նաև կարծում են, որ միության ղեկավարությունում մտադիր չեն քայլեր ձեռնարկել մրցունակության բարձրացման համար, ուստի տնտեսական առումով ԵՄ-ն «դատապարտված է ձախողման»: «Մենք հավատում ենք, որ մեր տնտեսությունը կկարողանա ավելի արագ աճել առանց ոչ պիտանի սահմանափակումների՝ նոր աշխատատեղեր ստեղծելով»,- կարծում են նամակի հեղինակները:
ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին: