Օբաման պատմել է նախագահական ժամկետի ավարտից հետո իր պլանների մասին


12:14 , 4 մարտ, 2016

Untitled-7ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ծրագրում է լիազորությունների ժամկետի լրանալուց հետո ևս մի քանի տարի մնալ Վաշինգտոնում, որպեսզի նրա կրտսեր դուստրը՝ Սաշան, կարողանա ավարտել դպրոցը։ The Washington Post-ի փոխանցմամբ՝ Օբաման այս մասին հայտարարել է Միլուոկի կատարած այցի ժամանակ:

Նախագահը ռեստորանում ճաշել է չորս կանանց և տղամարդու ընկերակցությամբ, որոնք ավելի վաղ նրան նամակ էին գրել մատչելի բուժսպասարկման վերաբերյալ օրենքի կապակցությամբ, որի նախաձեռնողն Օբաման է: Նրանք զրուցել են եղանակի և Միջին Արևմուտքի մասին։

Զրույցի մասնակիցներից մեկը նախագահին հարցրել է, թե նա ու իր ընտանիքը որտեղ են ապրելու այն բանից հետո, երբ լրանա նախագահական լիազորությունների ժամկետը:

«Մենք պատրաստվում ենք մնալ մի երկու տարի, որպեսզի Սաշան կարողանա ավարտել դպրոցը»,- ասել է Օբաման՝ պարզաբանելով, որ ուսումնառության ժամկետի կեսին նրան այլ վայր տեղափոխելը «չափազանց խիստ» կլինի:

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 8-ին: Ներկայիս նախագահ Բարաք Օբաման չի կարողանա առաջադրվել երրորդ ժամկետով, նրա լիազորությունների ժամկետը կավարտվի 2017 թվականի հունվարին:

Բարաք և Միշել Օբամաներն ամուսնացել են 1992 թվականին: Նրանց երկու դուստրերն էլ՝ 17-ամյա Մալիան և 14-ամյա Սաշան, սովորում են Վաշինգտոնի Sidwell Friends մասնավոր դպրոցում: