09:20 , 4 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ստամբուլի Բայրամփաշա շրջանում ոստիկանական ուժերի վրա երեկ իրականացված հարձակումից հետո քաղաքի շատ շրջաններում ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ ոստիկանատան մոտ նռնակ նետած և հրաձգություն իրականացրած երկու կանայք փախուստի էին դիմել, այնուհետ՝ սպանվել։
Այդ հարձակումից հետո, երեկոյան ժամերին, անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների տեղափոխող ավտոբուսի վրա: Փամփուշտներից մեկը հասել է ուղեկցող մեքենային, ինչի հետևանքով այն բռնկվել է: Դեպքի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է sozcu.com.tr-ը։
Երրորդ հարձակման թիրախում եղել է Ֆաթիհ Սուլթան Մեհմեթ համալսարանի ռեկտորին պատկանող մեքենան։ Ժամը 21:00-ի սահմաններում ռեկտորի մեքենայի ուղղությամբ կրակել են ինքնաձիգներից, ինչի հետևանքով վիրավորվել է նրա վարորդը:
Մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Օքմեյդանը շրջանում, այստեղ կրակ են բացել հերթապահություն իրականացնող ոստիկանների զրահապատ մեքենայի ուղղությամբ: Վիրավորներ չկան: Կասկածյալները փախուստի են դիմել ոտքով:
Կրակոցների ձայներ են լսվել նաև Սարըյերում գտնվող ոստիկանական դպրոցի մոտ: Դրանից հետո ոստիկանությունը տագնապ է հայտարարել: