00:15 , 4 մարտ, 2016
Հաճախ մենք հոգնածություն ենք զգում նույնիսկ այն ժամանակ, երբ առողջ սնվում և հանգիստ քնում ենք, ինչը խանգարում է մեր աշխատանքային գործունեությանը: Հետևեք այս կանոններին և օրվա ընթացքում Ձեզ ավելի թարմ ու էներգիայով լեցուն կզգաք:
Ջուր խմեք
Ուժերն օրվա ընթացքում վերականգնելու համար ջուրը շատ լավ միջոց է: Օրվա ընթացքում պետք է հնարավորինս շատ ջուր խմել, ինչը ոչ միայն էներգիա է տալիս օրգանիզմին, այլ նաև հանում է հոգնածությունը, գլխապտույտը, ինչպես նաև օգնում է ավելի սթափ լինել: Հաճելին օգտակարի հետ համատեղելու համար կարող եք բնական` ցանկալի է տան պայմաններում պատրաստված, հյութեր խմել:
«Հրաշք խնձորը»
Օրվա ընթացքում խնձոր ուտելով Դուք կնպաստեք ինչպես ընդհանուր առողջական վիճակի բարելավմանը, այնպես էլ կթուլացնեք ուղեղի ծանրաբեռնվածությունը: Խնձորի մեջ եղած բնական շաքարը և ածխաջրերը հավասարակշռում են շաքարի քանակությունն արյան մեջ և արագ վերականգնում ուժերը:
Մի գամվեք աթոռին
Չի կարելի ամբողջ օրվա ընթացում անդադար նստել համակարգչի դիմաց: Կես ժամ նստելուց հետո երկու րոպեանոց դադար տվեք, կանգնեք, քայլեք, ինչը կօգնի էլ ավելի եռանդուն կերպով շարունակել աշխատանքային օրը: Նստելիս մի կռացեք, մեջքը պետք է միշտ ուղիղ պահել, որպեսզի արյունն անարգել հասնի գլխուղեղ, այլապես հոգնածություն կառաջանա:
Ճիշտ շնչառություն
Ռիթմիկ շնչելը բարձրացնում է ֆիզիկական դիամադրողականությունը: Նստեք, ուղղեք մեջքը, փակեք աչքերը, մինչև վեցը հաշվելով խորը շունչ քաշեք, այնուհետև պահեք շունչը և դանդաղ արտաշնչեք` նորից մինչև վեցը հաշվելով: Արտաշնչելուց հետո երեք վարկյան դադար տվեք, այնուհետև նորից շնչեք նշված ձևով: Օրվա մեջ մի քանի անգամ այս վարժությունը անելուց հետո Դուք կզգաք, թե ինչպես է այն վերականգնում ուժերը և հանում լարվածությունը:
Աչքերի մարզանք
Երբ Դուք առանց աչքերը թարթելու նայում եք էկրանին, ապա ուղեղը գերլարվում է, ինչն էլ հանգեցնում է հոգնածության: Փորձեք հնարավորինս շատ թարթել աչքերը` 10-20 անգամ մի րոպեի ընթացքում, ինչը հնարավորություն կտա էլ ավելի լավ ընկալել և հիշել կարդածացը:
Այս մի քանի պարզ ձևերը կօգնեն հանել հոգնածությունը և դրական ինքնազգացողություն կապահովեն ողջ օրվա ընթացքում: