Նոր տարվա թանկությունները ջերմոցային տնտեսության ու տասնյակ հազարավոր աշխատատեղերի առիթ


11:02 , 12 հունվար, 2013

Նոր տարվա առևտրային եռուզեռի շրջանում շատերը բողոքում էին թանկություններից, հատկապես վարունգի: Միշտ հիշե՛ք, որ ամեն մի թանկություն այդ ապրանքի քչության ու պակասության նշանն է, հետևաբար նոր բիզնես հնարավորության առիթ:

Մենք սիրում ենք բռնել արտագաղթի ու Հյուսիսային ցուրտ վայրերում բատրակության ճամբան: Տեսնես՝ մեկը հաշվե՞լ է արտագաղթող խոպանչու թեր և դեմ կողմերը, թե աշխատավարձից ինչքան է ծախսվում ճանապարհի վրա, թե քանի ամիս պարապուրդի են մնում և թե ինչ արժե, երբ երեխաներն առանց հոր են մեծանում, փողոցում, իսկ կանայք ամիսներով մնում առանց ամուսինների: Տակն ի՞նչ է մնում: Գիտեմ, լավ օրից չի, որ գնում են, բայց եկեք տեսնենք կա՞ արդյոք Հայաստանում այլընտրանք, որ կարող ենք օգտագործել:

Պարզվում է, որ կա վատ օգտագործված մի շատ լավ հնարավորություն, որ գյուղում ապրող ամեն մի մարդ կարող է անել՝ ՍԿՍԵԼ ՋԵՐՄՈՑ:

Նոր տարվա շրջանում այս նկարը շատ տարածվեց ինտերնետում:  Վարունգի գինը գերազանցել էր բոլոր սպասելիքներն ու վաճառվում էր 16950 դրամով...

Սա առաջին հերթին մի բան է նշանակում: Վարունգի պահանջարկը մեծապես գերազանցում է առաջարկը: Վարունգ շատ քիչ կա:

Ուտելիք արտադրելն ու մարդկանց կերակրելը միշտ էլ եղել է օրհնյալ, բարի ու շնորհակալ գործ:

Մեր հողերի մեծամասնությունը պարապ են, շատերի տերերը՝ խոպաններում: Սիրելի Հայ տղամարդիկ (և ինչու չէ, նաև կանայք), ԱՀԱ ՁԵԶ ՄԻ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍՏԵՂԾԵՔ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Ձմռան համար բանջարեղեն արտադրեք: Դրանով կարող եք լավ տուն պահել ձեր հողի վրա:

Ես գյուղատնտես չեմ, բայց ինտերնետում մի քիչ փնտրելով հասկացա, որ կան փոքր ջերմոցներ ստեղծելու շատ էժան տարբերակներ: Օրինակ, կարելի է ապակիների փոխարեն սկսել ցելոֆանով: Ջերմոցի ձմեռային տաքացման համար էլ կան հետաքրքիր ու էֆեկտիվ տարբերակներ:

Ջերմոցային գյուղատնտեսությունը հաստատակամորեն զարգանում է աշխարհում. մարդիկ շատանում են՝ ավելացնելով ուտելիքի պահանջարկը:

Ջերմոցային առավելությունները

Ա. Աճեցման երկար սեզոնը թույլ է տալիս ավելի շատ բերք աճեցնել:

Բ. Կարող է օգնել առավելագույնի հասցնել հողերի օգտագործումը, եթե տարածքը օգտագործվում է արդյունավետ:

Գ. Ավելի լավ է վերահսկվում վնասատուների եւ հիվանդությունների մուտքը ջերմոց:

Դ. Հեշտ վերահսկվում է ջերմոցի կլիման՝ ջերմաստիճանն ու աճեցման պայմանները:

Ե. Ավելի էժան է աշխատուժը, քանի որ ավելի քիչ է պահանջվում:

Զ. Ջերմոցները թեթեւ կառույցներ են, հեշտ է տեղափոխել նոր վայր:

Եթե ամեն հայ գյուղացի մի փոքրիկ ջերմոց ունենար իր տնամերձ հողամասում

1. Իր ուտելիքի ծախսը կկրճատեր:

2. Տարին 12 ամիս ապրանք վաճառելով տունն ու օջախը կպահեր:

3. Չէր արտագաղթի և օտարի մուննաթին ստրուկ չէր դառնա:

4. Ձմռանը վարունգի և այլ բանջարեղենի գները մի քանի անգամ կէժանանային՝ դառնալով շատ ավելի մատչելի:

5. Հայաստանում կյանքը կէժանանար ու կդառնար ավելի հաճելի:

6. Հայաստանի բնակչության մոտ 30 տոկոսը կունենար ապահով ու հարգված աշխատանք: Մարդիկ կլինեին իրենց գործի տերը: Քանի որ այսօր գյուղերում աշխատանք չկա, սա կնշանակեր աշխատատեղերի ավելացում 20-30 տոկոսով:

Եթե այս հոդվածը Ձեզ հետաքրքրեց, արտատպեք այն. եթե բարեկամ ունեք, որ պատրաստվում է արտագաղթելու, այս հոդվածը իրեն էլ ցույց տվեք: Ջերմոցները եկամտաբեր են ու տարածվում են աշխարհում: Սա գաղափար է, որ արժե ու պետք է տարածել:

Եզրափակելով ահա մի տեսահոլովակ, թե ինչպես ջերմոց սկսել փոքր ներդրմամբ: