Ավետ Բարսեղյան. «Շատ երջանիկ եմ ամուսնությանս մեջ»


19:05 , 19 փետրվար, 2016

Exclusive

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանին հանդիպեցինք Հանրային ռադիոյում։ Հեռուստաընկերությունից հեռուստաընկերություն տեղափոխությունների ընթացքում սա նրա այն աշխատավայրն է, որին հավատարիմ է մնացել 11 տարի։ Նույնիսկ հեռուստատեսային 1-ամյա դադարի ընթացքում Ավետը չկարողացավ բաժանվել Հանրային ռադիոյից ու այստեղ շարունակեց վարել հեղինակային ծրագրեր։ Իր համար այդքան հարազատ միջավայրում BlogNews-ն Ավետի հետ անկեղծ զրույց է ունեցել, խոսել ենք հեռուստատեսության, շոու բիզնեսային հարաբերությունների, ստեղծագործական և, վերջապես, ամուսնական կյանքի մասին:) 

-Ավետ, 15 տարի է՝ հեռուստատեսությունում եք։ Հեռուստատեսությունը շատ բան է տալիս, ճանապարհներ բացում, բայց և խլում է։ Այն, ինչ տվել է հեռուստատեսությունը և այն, ինչ խլել է, համարժե՞ք են։

-Տվել է շատ ավելին, քան խլել է։ Իհարկե, նաև խլել է, ընդ որում՝ խլել է մեծ դեպրեսիաներով, անկումներով, սակայն երբ դրականն ու բացասականը համադրում ես, տեսնում ես, որ դրականն ավելի շատ է։ Հեռուստատեսությունն ու ռադիոն ինձ տվել են լսելի լինելու, մարդկանց ինչ-որ բանով օգտակար  լինելու հնարավորություն։ Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչքան բան է ինձ տվել երգ գրելը։ Երգի միջոցով ես ծանոթացել եմ շատ հարազատ մարդկանց հետ, ում հետ հետագայում բարեկամացել եմ։ Ես կարողացել եմ երգով սփոփել կորուստ ունեցած ընտանիքների, ինչն ինձ համար ամենանվիրական ու հաճելի բանն է, որ տվել է երգ գրելը։

Հեռուստատեսությունը խլում է մի մասնիկ, բայց  փոխարենը տալիս է այն, որ քեզ կարող է մոտենալ կամ զանգել ռադիո 80-ն անց մի տատիկ ու ասել մի խոսք, որը լսելով միանգամից մոռանում ես բոլոր կորուստները, որ եղել են։

- Այս տարիների ընթացքում միայն մեկ անգամ եք դադար ունեցել՝ մոտ 1 տարով։ Անդադար էկրաններին լինելը չի՞ խանգարում։ Ի վերջո, ոչ միայն հեռուստադիտողներին հոգնեցնելու, այլև անընդհատ նորովի ներկայանալու, չսպառվելու խնդիր կա։

-Անընդհատ լինելիությունը որքան հմտություն, նույնքան էլ հոգնություն է տալիս, սակայն ես ավելի շատ կենտրոնանում եմ հմտանալու վրա։ Ամեն անգամ նոր դերակատարումը մեծ մարտահրավեր է. այդ առումով «Գուշակիր մեղեդին» ամենածանրն էր ինձ համար, քանի որ 20 տարի ունեցել է Վալդիս Պելշի դեմք։ Դու սկսում ես պայքարել ֆորմատի հետ՝ հասկանալով, որ կամ ինքը քեզ կհաղթի, կամ դու, կամ էլ հաշտություն կլինի։ Կարծում եմ՝ իմ դեպքում հաշտություն եղավ։

Դժվար է միշտ լինել էկրաններին և չհոգնեցնել։ Ինձ համար շատ կարևոր էր հեռուստատեսությունում ունեցածս 1 տարվա  դադարը։ Մի պահ պիտի գնաս, որ հասկանաս՝ հետդարձի իրավունք ստանո՞ւմ ես, թե՞ ոչ։ Փառք Աստծո, իմ հանդիսատեսն ինձ տվեց այդ հնարավորությունը, նույնիսկ զայրույթ եղավ՝ բա ինչո՞ւ չկաս, և դա ինձ թևեր տվեց, որպեսզի սավառնեմ դեպի նոր նախագծեր։

-Հիմա դադարի կարիք չունե՞ք։

-Ինձ մոտ կա ներքին լռություն, որտեղ ես կարողանում եմ լռել ու դադարել։ Դա ինձ բավականացնում է։ Ես աշխատավայրը չեմ բերում տուն, տունը՝ աշխատավայր։ Հասկանում եմ՝ այս դաշտում չես կարող հավերժ էներգետիկ հաղորդավար լինել, սակայն ոչ միայն դու ես ընտրություն անում, այլև քեզ են ընտրում, ծրագիրն էլ տեսողություն ունի ու որոշում է՝ սիրո՞ւմ  է քեզ, թե՞ չէ։ Դադարի կարիք դեռ չունեմ։

-Մարդիկ, ովքեր վաղուց են հետուստատեսությունում, վերջին շրջանում շատ են խոսում  ոլորտի լճացման մասին։

- Հեռուստատեսությունը ոչ թե տաղավար ու լույս է, այլ մարդիկ։ Անձի ճահճացում կա, եթե  նրանք ճահճացած են, ոլորտը չի կարող կրել դրա մեղավորությունը։

-Ավետ, ամենապահանջված երգահաններից եք, միևնույն ժամանակ, Ձեզ շատ են մեղադրում, որ Ձեր տաղանդը ոչ միշտ եք ճիշտ օգտագործում, քանի որ կարող եք գրել  շլյագերներ, սակայն հաճախ գրում եք հիթեր։

-Համաձայն եմ։ Երբևէ չեմ թաքցրել, որ ունեմ լավ ու վատ, ուժեղ ու թույլ, հիմար և խելացի երգեր, սակայն ամեն ինչ բալանսի մեջ է։ Հիթ գրելն էլ հեշտ չէ, դա էլ է որոշակի հմտություններ պահանջում։ Ես կարծում եմ՝ արդեն ապացուցել եմ, որ գիտեմ երգ գրել, իրավունք ունեմ խոսքեր գրել։

Մարդը չի կարող  անդադար լուրջ լինել ու ժպտալ, կամ միայն ժպտալ ու լուրջ չլինել։ Ինձ համար երգը կենդանի օրգանիզմ է, որը ժպտում է, ծիծաղում, հումոր անում, տխրում, փիլիսոփայում... փառք Աստծո, ես միայն հեշտամարս երգեր չեմ գրում։ Պետք է պահել սահմանը. ոչ միայն հիթեր գրել, ոչ էլ խորանալ բարդ երգերի մեջ։ Երգարվեստից պետք չէ պահանջել միայն խորիմաստ գործեր։ Դա ներկապնակ է, որն ունի տարբեր  գույներ։ Ես փորձում եմ բոլոր գույներն օգտագործել իմ կտավի վրա։

Եթե ինձ մեղադրում են, ճիշտ են անում։ Նույնիսկ հաճելի է, եթե ինձ տեսնում են ավելի խորը խոսքերի մեջ։

-Ունե՞ք ստեղծագործություն, որը չէիք հանրայնացնի, եթե հետ գնալու հնարավորություն ունենայիք։

-Երբևէ չեմ ուզել ժամանակը հետ տալ, փոխել ինչ-որ բան։ Ինչ եղել է, եղել է ճիշտ, յուրաքանչյուր սխալ ծնել է նոր ճիշտ։ Չունեմ երգ, որից զզվում եմ։ Կան ախմախ երգեր, բայց դա լավ է, որովհետև դրանց ֆոնին եմ հասկանում, որոնք են երկար ճանաարհ ունեցողները։

-Ի դեպ, Ձեր մտերմությունները շոու բիզնեսում ազդո՞ւմ են երգերի պատվերների վրա։)

-(Ծիծաղում է, հեղ.)։ Լավ հարց էր:) Չեմ կարող ասել, թե մերոնց վրա գումար եմ աշխատում։

-Էդ դեպքում ինչպե՞ս եք վաստակում։ Ի վերջո, հիմնականում տեղական շոու բիզնեսի համար եք երգեր գրում։

-Իրավիճակները տարբեր են լինում, սակայն հիմնականում չեմ կարող ինձ թույլ տալ իրենցից գումար վերցնել։ Երևի փոխվելու ժամանակն է։) Իհարկե, սա կատակ է։ Ընդհանրապես, ծիծաղելի է գնահատել ստեղծագործությունը, թեև դա էլ է աշխատանք, որը, իհարկե, պետք է գնահատվի։

Վաստակում եմ հիմնականում պատվերների միջոցով։ 15 տարի է անցել, բայց ես դեռ չեմ սովորել մերոնցից գումար վերցնել։ Լինում են նաև դեպքեր, երբ գումար եմ վերցնում։

-Ավետ, այն քիչ մարդկանցից եք, ում այսքան տարիների ընթացքում շոուբիզնեսային կոնֆլիկտներ չեն վերագրվել, գրեթե բոլորի հետ կարողանում եք լավ հարաբերություններ պահպանել։ Ինչպե՞ս եք հաջողացնում։) Դժվար չէ՞ բոլորին ժպտալ, երբ յուրաքանչյուրի մասին ունեք Ձեր կարծիքը։

-Բնականաբար։ Ես ունեմ շատ մտերիմ մարդիկ, և մարդիկ, որոնց հետ միայն համերգներին կարող եմ ջերմ բարևել և անցնել։ Շատ են խոսում, թե շոու բիզնեսը կեղծավոր է, ինձ համար յուրաքանչյուր ասպարեզում էլ դա կա։ Պարզապես կան մարդիկ, ովքեր կառչում են մարդու դրական կողմերից, երբ գիտակցում է, որ ինքն էլ իդեալական չէ։ Ես ֆիքսվում եմ մարդկանց դրական կողմերի վրա ու ստացվում է այնպես, որ թշնամիներ չունեմ։ Գուցե դա կեղծավորություն է, բայց ինձ համար շատ օրգանական է մարդուն տեսնել ու վատ բան չասել, ցեխ չշպրտել, այլ ինչ-որ կոմպլիմենտ անել։ Մի շատ լավ երգ ունեմ, որը պաշտում եմ, կոչվում է «Իմ լռություն», ասվում է՝ «Քաղցր խոսքեր ու գովասանք, բայց վայրկյան չանցած քեզնից հետո չար  բամբասանք, որը կարծես վազք է դարձել, վազում ենք, որ հասնենք փառքի, որը մեզ չի փրկի»։ Այս աշխատանքը վազք է. ինչ-որ բանի հետևից ենք ընկնում, որն իրականում ունայնության ունայնությունն է։

Բնականաբար, ունեցել եմ նաև ծանր, լարված հարաբերություններ, բայց  հիմնականում ես բոլորի հանդեպ դրական եմ տրամադրված։ Կան մարդիկ, որոնց տարիներով կարող եմ չտեսնել, բայց կան մի քանիսը, ովքեր իսկապես շատ հարազատ են ինձ։

-Դուք շատ շփվող եք, սակայն շփման  մեջ և իրականում բաց լինելը տարբեր երևույթներ են։ Իրականում ո՞ր տեսակին եք պատկանում։

-Գնալով ավելի ինտրովերտ եմ դառնում, սակայն այդ ինտրովերտությունն այնքա՜ն էքստրավերտությամբ է պատված, որ երբեմն ես էլ չեմ հասկանում՝ ո՞րն է այդ սահմանագիծը՝ ես ավելի լո՞ւռ մարդ եմ, թե՞ խոսող։ Գործի բնույթով խոսող եմ, բայց  երբ գնում եմ տուն, շատ լուռ եմ։ Ես երկու վիճակում էլ շատ ներդաշնակ եմ լինում։

-Երբ չափից ավելի լուռ եք, ընտանիքի համար անտանելի չե՞ք դառնում։

-Դառնում եմ, որովհետև սկսում են անհանգստանալ, վախենալ այդ լռւթյունից։ Սակայն հարազատներս արդեն գիտեն, որ ժամանակ առ ժամանակ ինձ պետք է այդ լռությունն ու հանդարտությունը, որպեսզի հետո լցվեմ ու գնամ  «Գուշակիր մեղեդիում» սպառեմ էներգիաս ու տրոհվեմ։)

-Այս փուլում ամենաքննարկվող հարցը Ձեր ամուսնությունն է։ Ինչո՞ւ որոշեցիք գաղտնի ամուսնանալ։

-Ես դեռևս չեմ կարողանում հասկանալ հայկական զլմ-ների «գաղտնի ամուսնություն» հասկացությունը, որովհետև չէի պատրաստվում Հանրապետության հրապարակում  գոռալ, որ պատրաստվում եմ  ամուսնանալ։

-Ամեն դեպքում, երբ ես, օրինակ, զանգեցի Ձեզ՝ ճշտելու մեզ հայտնի դարձած լուրը, որ նշանվել եք ու պատրաստվում եք ամուսնանալ, ասացիք, որ չեք խոսում անձնական կյանքի մասին։ Այսինքն՝ փակ պահեցիք թեման։

-Հա, գուցե փակ, բայց ոչ գաղտնի։ Մի բան կարող եմ ասել, որ ամուսնացել եմ ու շատ երջանիկ եմ ամուսնությանս մեջ։ Փորձում եմ փակ պահել անձնականս, որովհետև դա իմ ընտանիքն է։

AV_AN

-Նախկինում Դուք հարցազրույցներ տվել եք, խոսել եք անձնական կյանքի մասին, այնպես չէ, որ միշտ փակ եք եղել։

-Նախկինում իմ ոչ մի հարաբերություն չի բերել ամուսնութան։ Այս անգամ որոշել եմ չբարձրաձայնել այդ  թեման։ Միայն կարող եմ ասել, որ շատ լավ բան է, թող բոլորն ամուսնանան ու ինձ պես չսպասեն մինչև 35 տարեկան։) Եթե սիրում են, թող շուտ ամուսնանան, դա շատ երջանիկ պահ է՝ չնայած յուրաքանչյուրն ունի իր ճակատագիրը։

- Ձեր խորհրդից կարելի՞ է ենթադրել, որ Ձերսիրելիին ավելի վաղ էիք հանդիպել, ձգձգել եք հարաբերությունները։

-Չէ։ Եթե շուտ հանդիպած լինեի, շուտ ամուսնացած կլինեի։)

-Որքա՞ն ժամանակ եք ծանոթ եղել մինչ ամուսնությունը, հարաբերություններն արա՞գ են զարգացել։

-8 ամիս ենք ծանոթ եղել, նշանվել ու ամուսնացել ենք։ Հասկացա, որ կցանկանամ կյանքս  կապել այդ  մարդու հետ։ Շատ տրիվիալ պատասխան եմ տալիս, բայց այդպես է։ Հասկացա, որ ուզում եմ իր հետ կիսել իմ մնացած բոլոր օրերը։

-Ինչո՞ւ որոշեցիք Պրահայում գրանցել ամուսնությունը։

-Դա ինքնանպատակ չէր։ Ամեն ինչ շատ ջերմ ու հետաքրքիր ստացվեց։  Ամուսնության նպատակով մեկնել էինք Պրահա, իմացա, որ կարող ենք այնտեղի մեր դեսպանատանն  անել նաև զագսի արարողությունը։ Ընտրեցինք Պրահան, քանի որ հեքիաթային քաղաք է, իսկ ես հավատում եմ հեքիաթների։

-Վերջերս նշել եք, որ երազում եք Կասկադով քայլել Ձեր փոքրիկի հետ: Հայր դառնալը Ձեզ համար առաջնային երազանք է։ Դեռ երկա՞ր պիտի սպասեք, այդ օրվան։

- Դա անձնական դաշտում է, որը չեմ ցանկանա բարձրաձայնել։ Ինձ մի փոքր տարածք է պետք, որպեսզի իմանամ, որ դա իմն է։ Յուրաքանչյուրն իրավունք ունի իր անձնականը փակ պահել։ Ես կարող եմ խոսել իմ երազանքներից, բայց ոչ ավելին։ Ես Կասկադը որպես իմ սիրելի վայր եմ ասել։ Կարևորը զավակ ունենամ, կքայլեմ Երևանով։ Տա Աստված, առաջիկայում կատարվի հայր դառնալու երազանքս։ Ավելին ասել չեմ կարող։

-Հայտնիության բացասական կողմերից մեկն այն է, որ մարդը կորցնում է անձնական կյանքի «իրավունքը»։ Ուզեք, թե չուզեք՝ հանրությանը դա հետաքրքիր է։

-Ես հասկանում եմ, որ դա շատ հետաքրքիր ու քննարկելի է, բերում է ընթերցողների մեծ բանակ։ Կարծում եմ, երբ շեշտը դրվում է դրա վրա, արտիստը սկսում է սպեկուլացիա անել։ Գուցե լավ է, երբ արտիստը հանդես է գալիս իր գործունեությամբ։ Շատ բնական և ողջունելի է, որ մարդկանց հետաքրքրում է արտիստի անձնականը, ժամանակին դա կարող էր խանգարել ինձ, հիմա ինձ համար գծել եմ սահման, որից այն կողմ իմ ընտանիքն է։ Ես շարքային երևանցի տղա եմ, ով ամուսնացել է։ Այսքանը։

-Մենք խոսում ենք անձնական կյանքը փակ պահելու մասին, բայց միևնույն ժամանակ  ստեղծագործող մարդկանց մոտ կա մի խնդիր. երբ դու ստեղծագործում ես, անկեղծ ես, այսինքն՝ քո զգացողությունն ու ներաշխարհը բոլորի առաջ է։ Կոնֆլիկտ չի՞ առաջանում։

-Չէ, երբեք նման կոնֆլիկտ չի եղել անկեղծությունս հանրայնացնելու հետ։ Երբ ես սիրահարված եմ եղել, կարողացել եմ գրել բաժանման մասին, գաղթ չեմ տեսել, բայց կարողացել եմ գրել «Ապրելու ապրիլը»։ Իհարկե, շատ ավելի լավ է, երբ սեփական վերապրումներդ ես ներկայացնում, բայց ստեղծագործողը պետք է նաև երևակայություն ու այլ աշխարհում  ապրելու կարողություն ունենա։

Պատվերի դեպքում էլ, եթե, օրինակ, սիրո մասին է, պետք է մեջդ սեր լինի, որ կարողանաս գրել։ Փորձել եմ միշտ մաքսիմալ անկեղծ լինել, որքանով դա հնարավոր է։

-Ունե՞ք ստեղծագործություններ, որոնք Ձեզ համար եք պահել։

-Իհարկե, ես ունեմ թե՛ ռուսերեն, թե՛ հայերեն բանաստեղծություններ, որոնք չեն հրապարակվել, չեն դարձել երգեր։ Վերջերս «Իմ լռություն» կոչվող ստեղծագործական երեկոյի ժամանակ երկար տարիներ անց առաջին անգամ դրանք հնչեցին, սակայն փակ դահլիճում՝ քիչ մարդկանց համար։

Անկեղծությունը ժամանակ պահանջող երևույթ է։ Գուցե  գա մի պահ, որ ես հանգիստ խոսեմ իմ անձնական կյանքի մասին, բայց դեռ այն փուլն է, որ դրանք այնքան իմն են, որ ես քիչ-քիչ պիտի բացեմ։ Դա հոգու մերկանալու պրոցես է, որը միանգամից չի լինում։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի