928,871.2 հազար դրամ՝ 33 սահմանամերձին


10:33 , 19 փետրվար, 2016

Սահմանամերձ համայնքներին տրամադրվող աջակցությունը շարունակվելու է նաև 2016 թվականին: Օրերս գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2016թ. ՀՀ պետբյուջեում և նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն ցուցաբերելու՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար:

Որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 928,871.2 հազար դրամ, և կառավարության նոր որոշմամբ նախատեսվում է վերոնշյալ գումարը տրամադրել Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 2), Վայոց Ձորի (թվով 5) և Տավուշի մարզերի (թվով 24) 33 սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով:

Մասնավորապես Արարատի մարզի Լանջազատ և Բարձրաշեն համայնքների բնակչության սպասարկումը բարելավելու նպատակով կառավարության որոշմամբ առաջարկվում է ստեղծել Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն: Սույն նպատակով բանակցություններ են անցկացվել տարբեր միջազգային կազմակերպությունների հետ. վերջիններս պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել նախագիծը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս Լանջազատ և Բարձրաշեն համայնքների բնակչության բժշկական սպասարկումն իրականացնում է Արևաշատի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, ինչը մի շարք խնդիրներ է առաջացնում այդ համայնքների բնակչության համար: