Փողին մուննաթ. Շոուբիզնեսի ներկայացուցիչները՝ Արման Հովհաննիսյանի և Chris de Burg-ի զուգերգի մասին


21:45 , 3 փետրվար, 2016

Newsbook.am-ը գրում է.

Հոկտեմբերի 18-ին ԱՄն-ի Nokia կինոթատրոնում տեղի է ունեցել լեգենդար երգիչ Chris de Burg-ի մենագամերգը, որին որպես հայտնի հյուր ներկա է եղել նաև երգիչ Արման Հովհաննիսյանը: 

Վերջիններս կատարել են de Burg-ի հայտնի Lady in Red կատարումը, ինչ էլ համացանցում քննարկումների առիթ է տվել:

NewsBook-ը հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներից զուգերգի վերաբերյալ փորձեց կարծիքներ հավաքագրել: Նկատենք, որ շատերը նույնիսկ չէին էլ հասցրել լսել վերջիններիս կատարումը: 

Ռադիոհաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, NewsBook-ի հետ զրույցում նշեց, որ կատարումը չի լսել, բայց պատկերացնում է՝ երգն ինչպես է երգվել: 

«Ինձ համար զվարճալի է դա: Ես այդ կատարմանը վերաբերվել եմ հումորով ու հարցը այն չէ, որ ես Արման Հովհաննիսյանին չեմ սիրում, հարգում: Մարդը իր աշխատանքի շնորհիվ որոշակի բաների հասել է, ու ես չեմ կարող ինձ թույլ տալ՝ որևէ բան ասել»,- ասաց նա: 

Հաղորդավարուհու կարծիքով՝ այնքան էլ դժվար բան չէ Chris de Burg-ի հետ զույգերգ ունենալը. «Եթե նա զուգերգ կատարեն ժամանակակից, այս պահին աշխատող աստղերից մեկի հետ, օրինակ՝ Justin Timberlake-ի կամ Pharrell Williams-ի հետ, գուցե, ես զարմանայի, բայց այն արտիստները, ովքեր վերջին մի քանի տասնյամյակում գոյություն չունեն որպես ստեղծագործող և ապրում են իրենց տասնյակ առաջվա ստեղծագործություններով, իրենց հետ զուգերգ ես էլ կարող եմ ունենալ, որովհետև փողին մուննաթ, ուզում ես՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:  

Նման արտիստների հետ զուգերգ ունենալու համար, ըստ Լուլուի, անհրաժեշտ է ունենալ լավ պրոդյուսեր և փող: «Եթե ընկերական առումով եք ուզում, ապա շատ ուրախ եմ Արման Հովհաննիսյանի համար»,- եզրափակեց վերջինս: 

Իսկ ահա, երբ զուգերգի մասին կարծիք հարցրինք երգիչ Արթուր Իսպիրյանից, վերջինս մի լավ ծիծաղեց: «Ճիշտն ասած՝ չգիտեմ էլ ինչ ասեմ: Լավ է, ապրի ինքը, եթե կարողանում է անել»,- նշեց Իսպիրյանը:

Երգիչը նկատեց, որ Chris de Burg-ը մինչև չիմանա՝ ինչ է անում, հաստատ ոչ մի գործ չի անի. «Երևի փորձել են, ստացվել է: Ես արդեն ոչ մի բանից գլուխ չեմ հանում, զարմանալի է: Եթե Chris de Burg-ը հայ էր ման գալիս, որ այդ երգը երգեր, էնքան առաջարկներ կանեի: Արմանի ձայնային տվյալները շատ լավն են, բայց Ռազմիկ Ամյանն, ըստ ինձ, ավելի լավ, ճիշտ կերգեր: Զարմանում եմ՝ ինքը ի՞նչ կապ ունի Chris de Burg-ի հետ: Ճիշտն է, նա իմ ամենասիրած կատարողներից չէ, բայց իր իմիջն ունի, իր դեմքը: Ես ուզում եմ հասկանալ՝ ինքը ոնց է գտել Արման Հովհաննիսյանին, ով է առաջարկել հատկապես այս երգը երգել: Ես համագործակցությունը կհասկանամ միայն մի դեպքում, եթե հետևում էթնիկ մեղեդիներ, մուղամներ հնչեին»: 

Երգչուհի Juice-ին երգը բավականին դուր է եկել: Երգչուհու խոսքով՝ երկուսի ձայնն էլ համահունչ է: 

«Արմանը բարձր վոկալային տվյլաներ ունի, նամանավանդ, եթե հաշվի առնենք, որ նա եղել է Ռուբեն Մաթևոսյանի աշակերտը: Արմանը նույնպես համով երգեց, նույնիսկ այսպես ցույց տվեց իր յուրահատկությունը: Եթե նա երգեր Chris de Burg-ի ոճով, ապա կստացվեր կարաոկե, ուրիշ ոչինչ: Ես կասեմ, նույնիսկ, որ զարմացած եմ»,- նշեց Juice-ը: