Ֆոտոշոփով մշակված լուսանկարը հաղթող է ճանաչվել «Nikon»-ի ֆեյսբուքյան էջում և ծաղրի ենթարկվել օգտատերերի կողմից


15:51 , 2 փետրվար, 2016

Վերջերս մի հետաքրքիր դեպք է պատահել «Nikon» ընկերության հետ, որին ցանկանում եմ անդրադառնալ: Nikon-ի Ֆեյսբուքի էջում հայտարարվել է լուսանկարների մրցույթ, և հաղթող է ճանաչվել մի լուսանկար, որն առաջին հայացքից շատ գեղեցիկ է ու յուրօրինակ: «Nikon»-ի Ֆեյսբուքի էջում գրված է հետևյալ տեքստը՝ «Յու Վեյը Chinatown-ով ընկերների հետ զբոսնելու ընթացքում բարձրացել է աստիճանավոր կոնստրուկցիայի վրա՝ կարծելով, որ այդտեղից բացվում է գեղեցիկ տեսարան: Սակայն նա չէր սպասում, որ երկնքում կհայտնվի ինքնաթիռ: Մենք նույնպես կփորձենք նայել վերև, Յու Վեյ, Ձեր լուսանկարը հաղթել է «Nikon» պայուսակ: Շնորհավոր»։
 
Օգտատերերից մեկը հարցրել է լուսանկարի հեղինակին, թե ինչքան երկար է նա սպասել ինքնաթիռին, իսկ հեղինակը պատասխանել է, որ ոչ այդքան երկար, քանի որ իր բախտը բերել է:
 
Սակայն «Nikon»-ի Ֆեյսբուքի էջի մյուս օգտատերերը միանգամից բացահայտել են, որ այդ լուսանկարը ստացվել է ֆոտոշոփի միջոցով և ծաղրի ենթարկել «Nikon» ֆիրմային: Հաղթող լուսանկարին անզեն աչքով ուշադիր նայելու դեպքում Դուք ինքներդ կարող եք տեսնել, որ օդանավի կողքի հատվածներում կա սպիտակ ուղղանկյուն, ինչը նշանակում է, որ լուսանկարիչը նկարել է հետևի ֆոնը և ֆոտոշոփով այնտեղ տեղադրել ինքնաթիռը: «Nikon»-ի նման հայտնի ու առաջադեմ ընկերությունը սա կարող էր գոնե ստուգել՝ Photoshop-ի մեջ գույնի մակարդակները փոխելով:
 
Օգտատերերից շատերը որոշել են նույն լուսանկարի վրա տեղադրել տարբեր առարկաներ, և արդյունքում ստացվել են հետևյալ լուսանկարները :)

Վերջում նշեմ, որ «Nikon»-ը ստիպված ընդունել է իր սխալը և խոստացել, որ ավելի ուշադիր կլինի հետագայում: