Գայլի երախը Մաշտոցի պուրակին էլ հասավ…


16:00 , 15 մարտ, 2012

ՀՀ կառավարությունն ընդունեց «Քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշման նախագիծը՝ լիազորելով Տարոն Մարգարյանին կրպակները ևս 3 տարով անձեռնմխելի դարձնել:

Ըստ այդ որոշման, կրպակները պուրակից կապամոնտաժվեն «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի իրագործման ժամանակ: Սակայն հայտնի չէ՝ այդ ծրագիրը կյանքի կկոչվի՞  3 տարի անց, թե ոչ: Ամենայն հավանականությամբ՝ ոչ, ինչպես բոլոր նման ծրագրերը…

 

Լավ, 3 տարի՝ 3 տարի, բա էլ ինչո՞ւ մեր գրպանի հաշվին քաղաքապետարանը Աբովյան փողոցից ապամոնտաժեց ու էլի մեր գրպանի հաշվին տարավ-դրեց Մաշտոցի պուրակում: Այս պարզ հարցին այդպես էլ տրամաբանական պատասխան չտրվեց, դե որտեղի՞ց տրվի, եթե այս ամբողջ գործընթացն է անտրամաբանական ու աբսուրդ: Քաղաքապետարանն այդպես էլ կոծկեց, թե ի վերջո ո՞ւմ են պատկանում այդ կրպակները: Անհասանելի մնացին նաև կրպակատերերի հետ կնքված պայմանագրերն ու փաստաթղթերը:

Հիմա էլ 3 տարի…Պարզապես իշխանությունները հաշվարկել են, որ դա բավականին երկար ժամանակ է՝ մարդկանց հիշողությունը մեռցնելու համար: Երևի մտածում են. «Արա, սե՞նց հարցեր են մոռացել, որ էս չմոռանան…»:

Մի խոսքով…նախընտրական մթնոլորտը շիկացնելու ավելի գործնական քայլ չէր էլ կարելի մտածել: Ընդդիմության աչքը լույս. իշխանություններն  առատ ջուր լցրին նրանց ջրաղացին, դրսի բերաններում էլ երկա~ր լեզու դրեցին: Հիմա ով ոնց կկարողանա, էս հարցը կօգտագործի, իսկ արդյունքում կտուժի Երևանի սովորական քաղաքացին, ում սիրտը հաստատ կպայթի՝ տեսնելով, թե ինչպես հերթական հանրային գոտին դարձավ մի քանի տականքի, այո՝ տականքի սեփականությունը…