Գազային ամպը ապագայում «կընկնի և կայրի» Ծիր Կաթինը. գիտնականներ


08:30 , 30 հունվար, 2016

Tert.am-ը գրում է.

ՆԱՍԱ-ի Hubble աստղադիտակը ուսումնասիրել է «Սմիթ» հսկայական գազային ամպը, որը 700 000 կմ/ժամ արագությամբ «ընկնում է» Ծիր Կաթին գալակտիկայի վրա:


Ինչպես գրում է Корреспондент-ը` մեջբերելով ԱՄՆ Տիեզերական աստղադիտարան-ինստիտուտի  գիտնական Էնդրյու Ֆոոքսին, այդ ամպը հիանալի օրինակն է նրա, թե ինչպես է փոփոխվում գալակտիկաների տեսքը ժամանակի ընթացքում: Այն ցույց է տալիս, որ Ծիր Կաթինում կարող են հսկայածավալ գազային կուտակումներ  արտանետվել` գալակտիկայի մի հատվածից մյուսում հայտնվելով:


«Սմիթ» ամպը հսկայական ծավալներ ունի. երկարությունը կազմում է 11 000 լուսային տարի, լայնությունը` մոտ 2.500 լուսային տարի, իսկ զանգվածը  մոտ 2 մլն անգամ ավելի մեծ է, քան Արեգակինը:


Գիտնականների կարծիքով` այդ ամպը արտամղվել է Գալակտիկայի ծայրամասերից մոտ 70 մլն տարի առաջ: Մոտավորապես 30 մլն տարի անց այն «կընկնի» մեր գալակտիկայի մեկ այլ հատվածում, ինչի արդյունքում  այն պետք է որ «այրվի» և տասնյակ հազարավոր նոր աստղերի առաջացման պատճառ դառնա: