Եռաբլուր պիտի գնալ սովորական օրերին, որտեղ ամեն ինչ հանգիստ է


16:05 , 28 հունվար, 2016
Սովորաբար այսպիսի օրերին Եռաբլուր չեմ գնում: Եռաբլուր պիտի գնալ սովորական օրերին, որտեղ ամեն ինչ հանգիստ է. գիտես, որ այդ օրերին այդտեղ գտնվողներն իսկական հարազատներն են, իրական անկեղծ սգացողներն ու հպարտացողները: Սովորական օրերին այնքան հանգիստ է, որ մի պահ քեզ թվում է՝ սա նրանց վաստակած հավերժ հանգիստն է պատերազմյան պայթյուններից ու դժոխային աղմուկից հետո: Իսկ այս օրերին աղմուկ է, ահավոր աղմուկ, որտեղ գալիս են բոլորը՝ իրական հարազատները, հայրենասերները, սեփական գովազդով զբաղվող անձիք, քաղաքական դիվիդենտներ հավաքող երևույթներ, կեղծ հայրենասերներ, այդ ամենը լուսաբանող լրագրողներ, շոու փնտրող հետաքրքրասերներ, պրովոկացիաներ ստեղծող ստահակներ, քաղաքական գործիչներ, չինովնիկներ և անձնական հարցերը լուծելու համար չինովնիկներին տեսնելու առիթն օգտագործող մուրացկաններ: Չգիտեմ ինչու, ինձ թվում է՝ այս օրերին խանգարում են նրանց դրախտային անդորրը, և նրանք ժամ առաջ են ուզում ազատվել այս ամբոխից:
Ես երբեք այս օրերին չեմ գնացել, բայց այսօր գնալու եմ, երեկոյան կողմ, մի ազատամարտիկի մասին պիտի գրեմ՝ զինվորի իմ իդեալի, ու համոզված եմ՝ ոչ ոք այսօր նրա գերեզմանին չի այցելել: Նրա նկարը ոչ մի կայքում չգտա, ուզում եմ նկարով տեղադրել գրառումս: