Չի կարելի Ֆեյսբուքը շատ լուրջ ընդունել
13:52 , 26 հունվար, 2016
Պիտի մի բան գրեմ՝ մուսաս եկել է, բայց... խնդրում եմ, ինչպես ասում եմ, չնեղանաք, տոլկո նէ աբիժայտես, եթե անգամ ինչ-որ մեկդ ասածներս կվերագրեք ձեզ... Որպեսզի չնեղանաք, ուրիշին վերագրեք... Ուրիշի ցավը հիմա ուրիշի վրա չի ազդում... (միշտ էլ): Բայց քանի որ կուտակվել է, պիտի գրեմ... Ես անկեղծ մարդ եմ... Ուրեմն, այսպես, Ֆեյսբուքը սիրում եմ, որ չսիրեմ, էսքան հաճախ «վիստուպատ» չեմ անի... Բայց միևնույն ժամանակ մի բան ահավոր չեմ հավանում նրա մեջ, և դա առաջին հերթին վերաբերում է նորից ու նորից մարդուն, մարդու՝ պահից օգտվելու տնաքանդ հատկանիշին... Լավ է, որ կա այս հարթակը՝ սիրտ ենք բացում, ասում, դատարկվում, ներկայանում նկարներով, մեր գործերով, երբեմն մեր դատողություններով... Բայց հո չի՞ կարելի իսկապես շաաաաաաաաաատ լուրջ ընդունել այս հարթակը, ու ամեն մեկն օգտվի պահից ու իրենն առաջ տանի, իր չկայացած երգը երգի:
1. Կիսատ ոտանավորիչն իր գործերի մեջ հանկարծ հուլունք հայտնաբերի ու օրը հազար անգամ տեղադրի անկապ-անկապ ինչ-որ հանգավորումներ
ու բանաստեղծի համբավ փորձի ձեռք բերել... Ախր դրա համար լուրջ, ՄԵԾ գրականության անտառը դեռ կանաչ է...
2. Բժիշկն անընդհատ իր դեղատոմսերն առաջարկի՝ հազար տեղ գրված և ցավ ու մահի դեմը չառած...
3. Հավատացյալն էնքան եկեղեցի չգնա, ինչքան այստեղ ամբողջ օրը հավատից խոսի, ֆեյսբուքը դարձնի եկեղեցի... «Չափից ավել լավ չէ ոչինչ. իմաստունն է ասել, ես չէ...
4. Քաղաքական գործիչը հերիք չի միլիոն ամբիոնից խոսում, խոսում, խոսում, խոսում, խոսում է (կապ չունի՝ գրագետ, թե անգրագետ, համով, թե անհամ), այստեղ էլ է անընդհատ գրում, գրում, գրում, գրում, գրում (կապ չունի՝ տառասխալներով, թե անտառասխալ) և հոգնեցնում...
5. Մեղր ծախողն իր մեղրի ռեկլամն է անում՝ էժան կտամ, լա՜վը կտամ... ու դնում պատիդ, պատդ շիրոտում..
6. Ունք հանողն ունքեր է նկարում ու կապիկից քիչումիչ տարբերվող աղջիկներից գեղեցկուհի դարձրած աղջիկների նկարներ՝ ես հրաշագործ եմ, առաջ եկեք... (մտքում էլ ապագա փողերը հաշվում):
7. Տան վերանորոգիչը ռեմոնտի ռեկլամ է անում, դնում պատիդ... գինն էլ վրեն...
8. Հազար տարվա տնային տնտեսուհին հրապարակախոսի իր հայտն է ներկայացնում... Տարիների հրապարակախոսին համահավասար ու մի բան էլ առաջ անցած... Համարձակ, անվարան, ռիսկով...
9. Բա Ֆբ-ից հեղինակ ճանկող հրատարակիչները... Ավելի լավ է այս մասին չխոսեմ...
10. Բա հայերենի աղավաղումներն ու աղավաղումների տակ «մտնող» լայքերը...
11. Բա ափաշքարա ուզվորությունը... Ով ումից կարող է... Իսկ իսկապես կարիք ունեցողները լռում են...
Մի խոսքով, մրցավազք.... Տգեղ մրցավազք...
Էլ չշարունակեմ... Հերիք է...
«Քանի կա, օգտվեմ» սկզբունքով Ֆբ մտած օգտատերերի «մենաշնորհն» է սա ու գեղեցիկ չէ: Ինձ անձամբ ահավոր դուր չի գալիս... Այստեղ ես տեսնում եմ առաջին հերթին մարդկային հոգու ահավոր ընչաքաղցություն... Մի՞թե սա էլ է ոգու սովի մի դրսևորում, որի մասին ահազանգում էր Վարպետը... «Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով»..
Մի նեղացեք, ես սիրում եմ բոլորիդ ու բարի եմ բոլորիդ նկատմամբ, բայց... Դրա փոխարեն մտածեք՝ գուցե կա՞ ճշմարտություն ասածներիս մեջ:
Խոնարհվում եմ բոլոր նրանց առաջ, ովքեր պարզապես հիանալի են դրսևորում իրենց այստեղ, այնպես հիանալի ու չափված-ձևված, ինչպես կյանքում... Դե, ախր, չափը հրաշք բան է... Մարդուն գեղեցկացնող ամենաիրական «պլաստիկան...»
Կներեք, չակերտներ չեմ դրել, որտեղ պետք էր... Չափի մեջ եմ մնացել...
ԱՆԱՀԻՏ
26.01.2016, Թիֆլիս