Գյումրիում դեռ 4000 ընտանիք ապրում է տնակներում. կոչ Ազգային ժողովի պատգամավորներին


21:12 , 25 հունվար, 2016

4000 ընտանիք, որտեղ երեխաներ են ծնվել։ 4000 ընտանիք, որտեղ ծնված երեխաները երեխա են ունեցել տնակներում։ 4000 ընտանիք, ովքեր հարազատ են կորցրել, ովքեր հաշմանդամ են խնամում այդ տնակներում։ Այդ ընտանիքներին բնակարանով ապահովելու համար բավարար էր վերջին հինգ տարվա պետական բյուջեի ընդամենը մեկ տոկոսը։ Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ էջն է, որը շարունակվում է տարիներով:
Իշխանությունների կողմից հարցի լուծումը կտևի նվազագույնը ևս 27 տարի, երբ այդ տնակներում հերթական սերունդները կծնվեն:
Միշտ դեմ լինելով դրամահավաքներին, ակցիաներին, բարեգործություններին, համարելով, որ բոլոր հարցերի լուծումը պետք է տրվի բյուջեի միջոցներով, այս հարցի լուծումը, սակայն, համարում եմ բացառիկ, որին պետք է միտված լինեն բոլորի ջանքերը:
Հաշվի առնելով, որ հարցի լուծման մասով իրենց պատասխանատվությունն ունեն Ազգային Ժողովի պատգամավորները` օրենսդրական լուծում չտալով, առաջարկում եմ հարցի` թեև մասնակի, բայց արագ, պարզ մեխանիզմ:
Ազգային Ժողովի պատգամավորներին կոչ եմ անում իրենց անուններով ձեռք բերել (համ էլ հերթական անշարժ գույքը կունենաք) արտագաղթի արդյունքում Գյումրիում վաճառվող բնակարաններից (վաճառքի մասին առկա են բազմաթիվ հայտարարություններ ինտերնետում, թերթերում), որոնց արժեքը հաշվի առնելով՝ երկրի սոցիալական վիճակը հասել է ընդամենը մի քանի միլիոն դրամի, և ապրելու իրավունքով հատկացնել տնակներում ապրող ընտանիքներին: