Էդմոն Մարուքյանի ֆորսաժները Սյունիքի մարզում
00:43 , 23 հունվար, 2016
Վերջին շրջանում Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մի քանի մարզային գրասենյակներ է բացել ՀՀ մի շարք համայնքներում: Սա նորմալ երևույթ է նորաստեղծ կուսակցության համար: Սակայն բոլորովին նորմալ չէ ուրիշ մի իրողություն, որի մասին ուզում եմ խոսել ստորև:
Նախ, երբ Էդմոն Մարուքյանը 2012թ. ընտրություններում մեծամասնական ընտրակարգով հաղթեց ԱԺ վաստակաշատ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին, մի շարք հարցեր առաջացան: Նախ՝ վիճարկվեց ու շատ խոսվեց այն խնդրի մասին, թե Էդմոնն իրավունք չի ունեցել մասնակցել ընտրություններին, բայց իշխանությունների բարի կամքով ոչ միայն մասնակցել է, այլ հաղթեց Դալլաքյանին: Այնուհետև այս 4 տարիների համար Էդմոն Մարուքյանը, որպես անկախ պատգամավոր, մշտապես համարվել է իշխող կուսակցության ազդեցության տակ գտնվող գործիչ՝ չնայած նրա ընդդիմադիր հռետորաբանությանը: Դա նաև ապացուցելի փաստ է, քանի որ գրեթե միշտ, երբ ՀՀԿ քվեարկությունների ժամանակ ունեցել է ձայնի կարիք, ապա Էդմոնը հաշվառվել է որպես պոտենցիալ կողմ քվեարկող պատգամավոր:
Վերջերս նա հիմնեց «Լուսավոր Հայաստան» անունը կրող կուսակցություն: Սրա մեջ արտառոց ոչինչ չէր լինի, եթե այնքան ակնհայտ չլիներ այն իրողությունը, որ հաջորդ խորհրդարանում այլևս չի լինի արևմտամետ «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ նրա տեղը պետք է զբաղեցներ որևէ այլ ուժ: Եվ ահա այս սուրբ ու ծանր գործը հանձնարարվել է Մարուքյանին:
Հետևելով «Լուսավոր Հայաստանի» գործունեությանը՝ 2 շատ կարևոր հարց է առաջանում. 1. Հրապարակված նկարներում պարզ երևում է, որ Մարուքյանի կուսակցությունը վարձակալում է թանկարժեք գրասենյակներ, որոնց շուկայական գինը տատանվում է 100.000 - 150.000 դրամի սահմաններում ամսական: Հետաքրքիր է՝ որտեղի՞ց նորաստեղծ կուսակցությանն այդքան ֆինանսներ, երբ ոչ Մարուքյանն է մեծահարուստ, և ոչ էլ նրա կուսակցության շարքերում կան այդպիսիք:
2. 2016 թ. հունվարի 16-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության Սյունիքի մարզային խորհրդի նախագահ է ընտրվել Սիսիան քաղաքի ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանը։
Ասեք, որ հետաքրքիր է: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ հանկարծ Հայաստանի ամենաբարդ մարզում, որտեղ գրեթե բոլոր կուսակցությունները դժվարություններ ունեն՝ պայմանավորված մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) գործոնով, հանկարծ ոչ ավել, ոչ պակաս Էդմոն Մարուքյանը մարզային խորհուրդ է ձևավորում ու նախագահ էլ ոչ ավել, ոչ պակաս նշանակում ավագանու անդամի: Մեծ ֆանտազիա է հարկավոր հավատալու, որ առհասարակ Սյունիքի մարզում որևէ պաշտոնյա մոտ կգա «ընդդիմադիր» կուսակցության, եթե չլինի Սուրիկ Խաչատրյանի դաբրոն կամ իշխանության հանձնարարականը:
Սկսում ես ակամայից մտորել՝ որ թերևս ճիշտ են բոլոր այն խոսակցությունները, որ Էդմոն Մարուքյանն աշխատում է իշխանությունների հովանավորության տակ, և նրա՝ քաղաքական արենայում հայտնվելը նպատակ ունի նաև ընտրություններին վերցնել ընդդիմադիր զանգվածի ձայների մի մասն ու զբաղեցնել «Ժառանգության» տեղը խորհրդարանում: