16:08 , 28 դեկտեմբեր, 2012
Բոլորս գիտենք, որ մենք այսօր տոներ նշելու մեծ տաղանդ չունենք, բայց տոնը ուտելու սպորտի վերածելը շատերի մոտ ավանդույթի ուժ է ստացել: Շոտով Նոր տարի է, ասել է թե՝ Օլիմպիական խաղեր: Միամիտ չլինենք և չհուսանք, թե բոլորս` իբրև առաջինը քրիստոնյա դարձած պետության ներկայացուցիչներ, Նոր տարվա առաջին օրերը պիտի անցկացնենք ինչպես հարկն է, այսինքն՝ պահեցողության մեջ` դիմավորելու Սուրբ Ծննդյան տոնը: Բայց կոչ եմ անում ամենքիս գոնե առավել զուսպ և որկրամոլությունից հեռու լինել այս օրերին:
Ցանկանում եմ նաև բոլորիդ ուշադրությանը հանձնել մի փոքրիկ նյութ՝ գրված 1898 թ., Հայաստանի շրջաններից մեկում Նոր տարին և Սուրբ Ծննուդը նշելու վերաբերյալ:
«Սիսիանում Նոր տարին շատ անշուք է անցնում, որովհետև նրանք տոնում են հայկական նոր տարին, Նավասարդի մեկը, որ գալիս է օգոստոսին...
Հունվարի չորսին շինում են «կրկենի»` մի բաղարջ հաց, մեջը մի դրամ դրած և երեսը քիշմիշով, ընկույզով և անիսոնով զարդարած: Նույն երեկոյին ամբողջ ընտանիքը, հավաքվելով հանդիսավոր կերպով, կտրում է բաղարջը` տան անդամների թվի համեմատ կտորների բաժանելով... Հետո զգուշությամբ և լարված հետաքրքրությամբ ուտում են, մինչև որ մեկը ուրախության աղաղակով հայտնում է, թե դրամը իր բաժնի միջից դուրս եկավ: Այն ժամանակ բոլորը նրան շնորհավորում են՝ ասելով, որ «տարին նրանն է», նա պիտի բախտավոր լինի:
Լալայեան, Ե. (1898) Նշանաւոր տօներ. Ազգագրական հանդէս»
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ