00:02 , 28 դեկտեմբեր, 2012
Աստված ստեղծելով մարդուն՝ նրա զոհը դարձրեց տվյալ պարագայում նրան հավասար արարածներին՝ կենդանիներին, ապա հայտարարեց, որ ինքն է ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը...
Այդ պահից նա սկզբնավորեց մարդկային հարաբերությունների մի անքակտելի գաղափար, որ կոչվում է «դիմակ»: Մի գաղափար, որն այսօր դարձել է շատ շատերիս ուղեկիցը եւ իր հզոր շղթաներով կապել է մեզ իբրեւ հավերժ ստրուկներ: Մերժե՛ք այն գաղափարը, որ տարանջատումներ են մտցնում դիմակների եւ վերջիններիս կրողների՝ դիմակավորների միջեւ: Չէ՞ որ նույն դիմակով են Աստծո տան խորան այցելում և՛ այն թալանել ցանկացող ստորաքարշ ավազակը, և´ Աստծուց ողորմություն և փրկություն խնդրող նրա մայրը: Չէ՞ որ նույն դիմակն են հագնում և´ փարիսեցիության նպատակով բարեգործություն անող արարածները, և՛ նրանք, ովքեր անում են դա Աստծուց ողորմություն ստանալու համար: Եւ նույն դիմակն ենք հագել մենք բոլորս. երկրորդական է, թե մեկս ապրում է արդար եւ ջատագովն է բարի գործերի, եւ մյուսը, որ ապրում է սպանելով իր նմանին, խմելով իր նմանի արյունը: Բոլորս էլ կյանք ասվածին տենչում ենք մի գաղափարի համար, որ կոչվում է շահ: Դրան հասնելու ճանապարհին նույնացվում են բոլորիս դիմակները, ինչպես նույնացվում ենք բոլորս մահկանացուն կնքելուց հետո:
Ընկերությունը նույնպես դիմակ է. նույնքան խաբուսիկ դիմակ, որքան թշնամանքն է: Իսկ դիմակը իր է, որը այժմ կրում են բոլորը: Մեկը ի վերուստ տրված կուսական դեմքը այլայլում է այպանված ու արդեն զազրելի դարձած խոնարհ ծառայի, մյուսը՝ անվրեպ ու արնախում գայլի վտանգավոր, բայց միեւնույն ժամանակ կանխատեսելի ու ազնիվ դիմակով:
Շնորհակալ եղեք ձեր թշնամիներին, ովքեր ձեր լավագույն բարեկամներն են: Քանզի նրանց հագած դիմակը ամենաթափանցիկն է: