Բողոքի երթ Մաշտոցի պուրակից


09:53 , 15 մարտ, 2012

Մաշտոցի պուրակում մարտի 14-ի երեկոյան, ժամը 21:30-ին, մթության մեջ ոստիկանությունը դիմել է հակասահմանադրական քայլի` բիրտ ուժ կիրառելով խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ: Արդյունքում քաշքշել են խաղաղ ցուցարարներին, պատառոտել և առգրավել նստացույցի մասնակիցների վրանը, որի մեջ այդ պահին քնած էր ակտիվիստներից մեկը: 

Արդեն մեկ ամսից ավել է ինչ մենք խաղաղ կերպով քաղաքացիական և իրավունքի սկզբունքները հիմք ընդունելով պայքարում ենք հանուն հանրային տարածքի և սեփականության: Սակայն առ այսօր քաղաքային իշխանությունները որևէ հստակ պատասխան չեն ներկայացրել մեր մատնանշած օրինախախտումների վերաբերյալ: Ավելին, մարտի 14-ի երեկոյան ևս մեկ անգամ կոպտորեն խախտվեց ցուցարարների սահամանադրական իրավունքը: 

Կոչ ենք անում ԲՈԼՈՐԻՆ միանալ մեր բողոքի ակցիային, որ կմեկնարկի մարտի 15-ին ժամը 10:00-ին Մաշտոցի պուրակից: Ժամը 11-ին երթը կլինի Կառավարության թիվ 1 շենքի մոտ, որտեղ կառավարությունից պահանջելու ենք պատժել այսօրվա միջադեպի համար պատասխանատու բոլոր պաշտոնատար անձանց, որոնք խախտել են ՀՀ Սահամանադրությունը: Ի դեպ, կառավարության նիստում այսօր քննարկվելու է նաև Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների հարցը, որի հետ կապված մեր պահանջը մնում է նույնը. անհապաղ ապամոնտաժել շինությունները, բարեկարգել այգին և վերադարձնել հանրությանը:

Մենք տեր ենք մեր սահամանդրական իրավունքներին և պայքարելու ենք մինչև վերջ դրանք կենսագործելու համար` ի շահ քաղաքացիական պետության կայացման: 

Խնդրում ենք մասնակիցներին բերել եռագույն դրոշներ, ՀՀ Սահամանդրության, մարդու հիմնարար ազատությունների և հանրային սեփականության վերաբերյալ պաստառներ և կոչեր: