Սոցկայքերի առկայությունը մեր օրերի հրամայականն է


21:25 , 11 հունվար, 2016
Ինչքան էլ մարդիկ խոսեն սոցիալական ցանցերի «հրեշավոր» ազդեցության, «սատանայական ուժի» ու «զոմբիացման» հիպերմագնիսկան դաշտի մասին, միևնույն է, բոլորն էլ համակերպվում են այն մտքի հետ, որ սոցկայքերի առկայությունը մեր օրերի հրամայականն է:
Այնուամենայնիվ, աշխարհում կան մի շարք երկրներ, որոնք այսպես ասած հրաժարվում են մեզ ծանոթ սոցիալական ցանցերից՝ ֆեյսբուքից, թվիթերից, ինստագրամից և այլն, բայց...
Անգամ այդ պետություններից շատերը, որոնք անընդհատ խոսում են ֆեյսբուքի, թվիթերի «լրտեսական», «մասոնա-այլմոլորակային» ներգործության մասին, հասկանում են, որ հասարակությունն ունի դրա պահանջը, և այն պետք է ինչ-որ կերպ հագեցնել: Բնականաբար, ստեղծում են նմանատիպ ինչ-որ բաներ:
Օրինակ՝ Չինաստանում ֆեյսբուքն արգելափակված է, բայց մի՞թե Չինաստանի իշխանությունները կթողնեին, որ այդքան մեծ հասարակության մեջ չձևավորվեր, չծնվեր ինչ-որ հարթակ:
Այս երկրում տարածված են Tencent Weibo և Tencent QQ հարթակները: Վերջինս հանդես է գալիս որպես միկրոբլոգ, պարունակում է օնլայն երգեր, տեսանյութեր, ունի ձայնային և նամակագրական չաթի հնարավորություն և այլն:
Իհարկե հնարավոր է, որ շատ գործառույթներով այն զիջում է ֆեյսբուքին կամ թվիթերին, սակայն որպես այդպիսին հանդիսանում է հիանալի փոխարինող վերոնշյալ կայքերին: Հունվարի 15-ի դրությամբ հսկան ունի 829 միլիոն գրանցած օգատատեր: Նա գերազանցում է և՛ թվիթերին, և՛ ինստագրամին, և՛ լինկդինին:
Իրանում կա Blogfa.com բլոգային կայքը, որը բավականին մեծ տարածում ունի երկրում: Իրանից ամենաշատ այցելվող կայքերի ցանկում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Անշուշտ, շատ են երկրները, որոնք չնայած արգելում են օգտատերերին մուտք գործել «հայտնի» սոցիալական ցանցեր, այնուամենայնիվ, ստեղծում են իրենց սեփականը:
Սրանք խոսում են այն մասին, որ մարդիկ քաջ գիտակցում են, թե ինչ մակարդակի վրա է գտնվում սոցիալական ցանցերի անհրաժեշտությունը, այդ իսկ պատճառով փորձում են ստեղծել որոշակի փոխարինող հարթակներ, որոնք պարտադիր չեն լինել ավելի լավը, քան մեզ ծանոթ սոցկայքերը:
Հ.Գ. Համակարգիչների ի հայտ գալուն պես մարդկանց որոշակի խումբ կարծում էր, թե դրանք կործանելու են Երկիր մոլորակը: Անգամ հին սոցիալական հոլովակներում պարունակվում են որոշակի սարսափելի տարրեր՝ ուղղված համակարգիչներին և դրանից օգտվողներին: