Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն... Ինչո՞ւ են անմեղ մարդիկ համախմբված ստում


18:42 , 25 դեկտեմբեր, 2012

2012 թ. մայիսի 12-ին, Ա. Սարգսյանը իր նախկին համադասարանցիների հետ մասնակցում է խնջույքի Արզնու ձորում, որտեղ տեղի էր ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք Ռ., Է. Հովհաննիսյանների ու Գ. Թորոսյանի հետ: Նույն օրը երեկոյան Ա. Սարգսյանը տուն է վերադարձել իր համադասարանցի Դ. Մանուկյանի հետ, որը նախազգուշացրել է` չթողնեն Ազատին զանգերին պատասխանի կամ տանից դուրս գա: Հաջորդ օրը` մայիսի 13-ի առավոտյան, Ազատ Սարգսյանը առավոտյան շուտ դուրս է եկել մաքուր օդ շնչելու և այլեւս չի վերադարձել:

Արաբկիրի քննչական բաժինը գործի քննությունը միտումնավոր ձգձգում է և ամեն կերպ կոծկում գործի բոլոր մանրամասները: Զարմանալի է, թե ինչու հաշվի չառնվեցին այն բոլոր մարդկանց բացատրությունները, որոնք պնդում էին` Ազատը բավական հավասարակշռված անձնավորություն էր և երբևիցե ինքնասպանության չէր դիմի: Նրան վերջինը տեսած հարևանն անգամ հաստատել էր, որ Ազատը նորմալ, հանգիստ տրամադրություն ուներ և մարդու էր սպասում այդտեղ:

Դեպքի վայրի տեղազննությունը սահմանափակվեց դիակի արձանագրմամբ միայն, վկաները պատշաճ կերպով չհարցաքննվեցին: Ընդ որում` հարցաքննության ժամանակ վկաներից մեկի` Ս. Աքմաքջյանի հետ բանավոր համաձայնության եկան` ասելով. «Դե չմոռանաս, ոնց պայմանավորվեցինք, տենց էլ կասես»: Վկաների իրարամերժ պատասխանների վրա քրեական խումբը այդպես էլ չկենտրոնացավ` նրանց «գիժ» անվանելով:

Դեպքից 2 շաբաթ անց ծնողներն իրենք գտան Ազատի կոշիկները հենց կամրջի տակից, իսկ VTB բանկային քարտը, ֆլեշկան այդպես էլ չգտնվեցին: Ազատի օպտիկական ակնոցը այդպես էլ, չգիտես ինչու, ոչ դեպքի վայրում, ոչ էլ տեղանքում չգտնվեց: «odnoklassniki.ru» սայտում Ազատի անունից ուղարկվել էր անհեթեթ մի նամակ, որտեղ գրելաոճը միանգամայն տարբեր էր Ազատի սովորական գրելաոճից, ինչը միանգամից նկատելի է, իսկ ըստ փորձագիտության` հեռախոսի էկրանը անսարք էր, ուստի ամեն կերպ բացառվում էր նրա կողմից այդ նամակը գրելը: Մինչդեռ քրեական խումբը իրեն անզոր է համարում պարզելու, թե իրականում ով է նամակի հեղինակը:

Ըստ դատաբժշկական փորձաքննության` վնասվածքները վրա են հասել բութ առարկաների հարվածներից, որոնց մակերեսի սահմանափակությունը դատաբժիշկը բնականաբար անզոր էր պարզել: Ազատի բոլոր համադասարանցիները պնդում են, որ նա չափից դուրս խմած է եղել, մինչդեռ փորձաքննությամբ ալկոհոլ կամ որևէ թմրամիջոց չհայտնաբերվեց: Այս դեպքում զարմանալի է անմեղ մարդկանց համախմբված ստելու պատճառը:

Տվյալ պարագայում անհասկանալի է նաև, թե կոնկրետ ինչն է գործը հնարավորինս արագ կարճելու` Արաբկիրի քննչական բաժնի շահագրգռվածության իրական պատճառը: