Սառած ժպիտներ


15:55 , 25 դեկտեմբեր, 2012
Դժվար է ժպտալ ձմռանը:
Ցուրտը սառեցնում է դեմքիդ քարացած արտահայտությունը: Ամեն մի շարժումդ ուժերի գերլարում է պահանջում, քամին խլում է քո մարմնի ջերմությունը, նույնիսկ աչքերդ են դադարում անդրադարձնել զգացմունքներդ....
Հանկարծակի տաքությունից դիմագծերդ ծռվում են, շրթունքներդ թեքվում դեպի վար և ակամա տխրում ես: Երբևէ չե՞ս նկատել, որ եթե ուժեղ ցրտին միանգամից տաքությունն է հաջորդում, դիմագծերդ հալվում են և տխուր արտահայտություն կազմում:
Ձմռանը ավելի մեծ ուժ է պետք, որպեսզի կարողանաս շրթունքներդ շարժել և ցուցադրել այն, ինչ մարդիկ «ժպիտ» են կոչում: Ժպիտը դժվար է կազմավորել, սակայն եթե քեզ դա հաջողվում է, ապա ցուրտը միանգամից քարացնում է այն և անշարժ դիմակի պես կպցնում դեմքիդ: Իսկ հետո տաքությունը...
Ինչքան լայն էր ժպիտդ, այնքան խորն է լինում դեպրեսիան...

Ձմեռային դեպրեսիա. դա ճերմակի անհետացման, բարին կորցնելու վախն է...
Առաջին ձյունը միշտ էլ շատ սպասված է: Գիշերվա լռությամբ պատսպարված՝ փաթիլները ծածկում են երկրի գորշությունն ու աղտոտությունը, բայց բավական է գա առավոտն, ու ձմեռային հեքիաթը ոտնատակ կանեն: Ճերմակությունից ոչինչ չի մնա...
Երևանին ձմեռը չի սազում. աշունն է Երևանի եղանակը: Ցեխոտ ու կեղտոտ փողոցներին չեն փրկի նույնիսկ եղևնիներն ու սառցաքանդակները, նամանավանդ այն դեպքում, երբ ծառերի մի մասը դեռ տերևաթափ չի եղել, մյուս մասի տերևներն էլ դեռ վառ կանաչ են: 
Թվում է, թե ծառերը կենդանի թաղվել են ձյան տակ: Կամ էլ ձյունից դիմակ են սարքել, որպեսզի թաքնվեն կեղտի ու թույնի հետապնդումից:
Կենդանի թաղված ծառեր չեմ ուզում, կիսատ մնացած աշուն չեմ ուզում, ձմեռ եմ ուզում, իսկական ձմեռ... Քաղաքակրթությունից հեռու մի վայրում, այնպիսի տեղում, որ ավտոմեքենաներն ու ոչ պակաս երկաթե մարդիկ չխեղդեն հրաշքն իրենց ոտքերի տակ:
Ես էլ կանաչ ծառերի պես ուզում եմ թաղվել ձյան մեջ, ձյունից ինձ համար անտարբերության դիմակ ստեղծել ու դրանով ներկայանալ աշխարհին:
Բայց չգիտեմ, արդյո՞ք ձյունը կսառեցնի զգացմունքներս, թե՞ նրանք կհալեցնեն սառույցը...