26-ամյա սակավամիտ երիտասարդը համացանցում տարածել է «Արմյանսկոյե պոռնո» անունով պոռնկագրական տեսանյութ


02:53 , 30 դեկտեմբեր, 2015
IMG_29122015_140650Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Նարեկ Ա.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Նարեկը «vk.com» կայքում ստեղծել է անձնական էջ, որտեղ 2011 թվականի նոյեմբերի 24-ին տեղադրել է «Հայկական պոռնո. Արմյանսկոե պոռնո» պոռնկագրական բնույթի տեսանյութ, այն տարածել է համացանցում՝ տեսանյութի բովանդակությունը կայք հաճախող այլ անձանց հաղորդակից դարձնելու միջոցով:
Նարեկ Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով:
Գործի քննությունն ընթանում էր 2013 թվականի նոյեմբերի 26-ից:
Մեկ անգամ գործի վարույթը կարճվել էր քննիչի կողմից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Սակայն գլխավոր դատախազի որոշումով քննիչի՝ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը վերացվել է, գործի քննությունը վերսկսվել է:
Գործի քննության ընթացքում պարզվել է, որ Նարեկ Ա.-ն 2006 թվականից հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում՝ «Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ:
Գործով կատարված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Նարեկ Ա.-ն տառապում է «Մտավոր պակասությամբ՝ սակավամտությամբ»: Զինծառայության համար նա ճանաչվել է ոչ պիտանի:
Սակայն, ըստ եզրակացության, սակավամտությունը փորձաքննվող Նարեկի մոտ արտահայտված չէ այն աստիճանի, որ նրան զրկի իր արարքների համար հաշիվ տալու, դրանք ղեկավարելու հնարավորությունից: Նարեկ Ա.-ն ճանաչվել է մեղսունակ:
Նարեկը նախաքննության ժամանակ հայտնել է, թե խնդրո առարկա համացանցային էջը ստեղծել է ինքը՝ աղջիկների ու կանանց հետ ծանոթանալու նպատակով: «Հայկական պոռնո» տեսանյութը նույնպես տեղադրվել է իր կողմից:
Դատարանում Նարեկն իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրված արարքի համար ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Ընդհանուր իրավասության դատարանը, գործի քննության արդյունքում, եզրակացրել է, որ Նարեկ Ա.-ի կողմից համացանցային կայքի իր անձնական էջում պոռնկագրական բնույթի մեկ տեսանյութի տեղադրմամբ չեն խախտվել այլոց իրավունքներն ու ազատությունները, քանի որ գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ էջում տեղադրված պոռնկագրական բնույթի մեկ տեսանյութում պատկերված են երկու անձ, որոնց Նարեկ Ա.-ն չի ճանաչել, նշված տեսանյութը նա ներբեռնել է բաց ինտերնետային կայքից, ինչպես նաև այդ տեսանյութը նա տեղադրել է միայն իր անձնական էջում, տեսանյութն այդտեղ հասանելի է եղել միայն այդ խմբում գրանցված, 18 տարին լրացած անձանց:
Արարքը  ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով հանցավոր կճանաչվեր, եթե առկա լինեին օրենքով նախատեսված բոլոր հատկանիշները, դրանց թվում՝ եթե   տեղադրված տեսանյութը հասանելի լիներ նաև այլ անձանց:
Տվյալ դեպքում, դատարանի եզրահանգմամբ՝ բացակայել է հանցագործության օբյեկտիվ կողմը:
Բացի այդ, դատարանն արձանագրել է նաև, որ նախաքննության ժամանակ վեբկայքի զննության վերաբերյալ կազմված արձանագրությունում բացակայում են գործողության կատարման ամսաթիվը, ամիսն ու օրը: Չեն պարզաբանվել գործողությանը մասնակից ընթերակաների իրավունքները: Չի նշվել, թե նախաքննական մարմինը ինչ տեսակի, մոդելի համակարգչով է բացել կայքը: Համաձայն արձանագրության՝ տեսանյութը չի վերարտադրվել, բայց նշվել է, թե առկա է պոռնկագրական բնույթ կրող տեսանյութ…
Դատարանը եզրակացրել է, որ մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցները բավարար չեն Նարեկ Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու համար:
Մեղսագրված արարքում Նարեկ Ա.-ն ճանաչվել է անմեղ ու արդարացվել է: Նրան պարզաբանվել են արդարացվածի իրավունքներն ու պատճառված վնասի հատուցման կարգը: