Խոհեր Հայաստանյան գիտաժողովների կուլտուրայի մասին


20:13 , 24 դեկտեմբեր, 2012

Հոկտեմբերին Շիրակացուն նվիրված գիտաժողովի ժամանակ, համատարած ժխորի ու բվվոցի տակ, մի զեկուցման ժամանակ ապարդյուն ճգնում էի լսել զեկուցողին, սակայն ավելի բարձր լսվում էր մեր թիկունքում նստած երկու գիտնական մոքիրների չդադարող մասլահաթը` դեսից-դենից, սրանից-նրանից: Զեկուցման վերջում ընկերս թեքվեց դեպի ինձ ու ասաց.

– Ոչ մի նորություն չասեց:

Ես ասացի.

– Բայց փոխարենը ինչքան նորություն լսեցինք հետևից…

Էս աշնանը շատ գիտաժողովների մասնակցեցի. մեծ մասը` Հայաստանում: Դրանք բոլորն էլ շատ հետաքրքիր էին: Մեկը լավ էր կազմակերպված, մյուսը` ոչ այնքան, երրորդը` վատ… Բայց դա կարևոր չէ. բոլորն էլ շատ արդյունավետ էին ու հետաքրքիր: Սակայն հիմա ուզում եմ այլ բանի մասին խոսել` գիտաժողովային կուլտուրայի:

Արդեն չգիտեմ քանիերորդ անգամ ինքս ինձ համար մեծ տխրությամբ արձանագրում եմ այն փաստը, որ գիտաժողովային կուլտուրան մեզ մոտ չոբանային մակարդակի է: Սինխրոն թարգմանության, լեզուների իմացության կամ այլ խոշոր հարցերից չեմ խոսելու, այլ միայն մի քանի տարրական` մանրուք թվացող բաներից: Հասկանալի է, որ բոլոր կետերը չէ, որ հավասարապես վերաբերում են բոլոր գիտաժողովներին: Բացառություններ միշտ էլ կան: 

1) Կազմակերպում են միջազգային գիտաժողովներ, բայց հայտարարություն դնում են ընդամենը մեկ կամ մի երկու ամիս առաջ. այն էլ հաճախ հայտարարությունը մատչելի է դառնում մի նեղ խմբի: Քանիցս նույնիսկ ապշել եմ այն բանից, որ մասնակից ինստիտուտի բազմաթիվ առաջատար գիտնականներ մինչև վերջ մնացել են չտեղեկացված կամ էլ գիտաժողովի նախօրեին պատահաբար իմացել են ինձնից կամ մեկ ուրիշից:

2) Երբեք չեմ կարող հաշտվել այն փաստի հետ, որ ամեն գիտաժողովի անպայման գտնվում են մարդիկ, որոնք գրեթե զեկուցումների ողջ ընթացքում մասլահաթ են անում իրար հետ: Ու դրանց մեջ լինում են նաև դոկտորներ, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ: Մի գիտաժողովի ժամանակ մի պրոֆեսոր չդիմացավ ու մի երկարաշունչ նկատողություն արեց մի հայտնի գիտնականի: Սակայն հաջորդ գիտաժողովների ժամանակ ես համոզվեցի, որ այդ պրոֆեսորն ինքը բոլոր զեկուցումների տևողության մի 50-80 %-ի ընթացքում միալար զրուցում է կողքինների հետ:

3) Բջջայինների մասին չեմ էլ ուզում խոսել…

4) Ուսումնական հաստատություններում անցկացվող գիտաժողովներին ներկա է լինում ընդամենը մի քանի դասախոս կամ գիտնական: Տվյալ բուհի բազմաթիվ դասախոսներ, որոնց մասնագիտացումը այս կամ այն չափով համապատասխանում է գիտաժողովի թեմատիկային, ապշեցուցիչ անտարբերությամբ (կամ անտեղյակությամբ), զեկուցումով մասնակցելը դեռ մի կողմ, նույնիսկ ներկա չեն գտնվում գիտաժողովին:

5) Երբեմն դասախոսների բացակայությունը չարյաց փոքրագույնն է: Բա որ, փոխարենը, ուսանողների ամբողջ կուրսեր են բերում լցնում` գլխաքանակ ապահովելու համար: Ու դրանց 90-95 %-ը խորապես թքած ունի գիտաժողովի վրա: Նրանց պարզապես բերել են դասից ազատվելու ԿՈՄՊԵՆՍԱՑԻԱՅՈՎ… Աննկարագրելի ժխոր ու բվվոց…

6) Այս տարի հատկապես զարմացել էի, որ մի քանի գիտաժողովներում նիստերի նախագահները զեկուցման համար հատկացված ժամանակի ավարտը ազդարարելու համար ուժեղ թխկթխկացնում էին սեղանին կամ ջրով լի սկահակին: Է՞դ ինչ ձև է… Կարելի է «գյոզերով» մի թուղթ դնել զեկուցողի առջև, կամացուկ ասել կամ որևէ այլ կերպ հասկացնել, որ ժամանակը լրացել է: Կամ էլ հանգիստ կարելի է տեղեկացնել, որ մնում է հինգ րոպե: Թե չէ թխկթխկացնե՞լս որն է…

7) Երբեմն ապշեցնում է քննարկումների անտաշությունը: Երեք անգամ ականատես եղա այսպիսի բանի: Զեկուցումից հետո, երբ գալիս է հարցերի կամ մեկնաբանությունների ժամանակը, տեղից վեր է կենում մի գիտնական ու ԲԱՑԱՀԱՅՏ ԿԾՈՒ կամ ԱԳՐԵՍԻՎ տոնով մատնանշում է իր մի աշխատանքը, կամ էլ մատները ծալելով թվարկում է մի քանիսը, ապա կատաղած հարցնում. «Ծանո՞թ եք այդ աշխատանքներիս: Իսկ ինչու՞ չեք ծանոթ»: Ինչպիսի՜ բռիություն: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ գիտնականն ինքն էլ աչքի չի ընկնում ոլորտի մասնագիտական գրականության իրազեկությամբ:  

8) Շատ վատ է, որ զեկուցումների մեծ մասը (նայած գիտաժողովի. 60-90 %, երբեմն նույնիսկ գրեթե 100 %) պարզապես ընթերցվում է, իսկ ունկնդիրները ոչ մի նյութ չեն տեսնում ոչ handout / թերթոն-ի տեսքով, ոչ էլ` էլեկտրոնային պրեզենտացիայի: Այդպիսի զեկուցումները պարզապես հօդս են ցնդում: Իմ անձնական կարծիքով handout / թերթոն-ը (գոնե շատ սեղմ, սխեմատիկ) ՊԱՐՏԱԴԻՐ է նույնիսկ այն դեպքում, երբ զուգահեռաբար նաև էլեկտրոնային պրեզենտացիա է տրվում: Որովհետև թղթի վրա հիմնական դրույթները մնայուն են: Բացի այդ` ունկնդիրը հենց դրանց վրա էլ կարող է իր նշումներն անել:

Մաղթում եմ, որ հայագիտության գիտաժողովային կուլտուրան գալիք 2013-ին ու հաջորդ տարիներին աստիճանաբար ավելի ու ավելի բարձրանա ու շուտ հասնի լիակատար «դեչոբանիզացիայի»: